Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍՆ ԸՆՏՐԵՑ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ապրիլ 20,2010 00:00

\"\"Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթանակ տարած Դեւրիշ Էրօղլուին: Վերջինս, APA-ի մատուցմամբ, հավաքել է ընտրողների 50,37 տոկոսի քվեն: Դեւրիշ Էրօղլուն չճանաչված այդ հանրապետության վարչապետն է եւ «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդը: Գործող նախագահը, որը Կիպրոսի երկու անջատված՝ հունական եւ թուրքական հատվածների վերամիավորման շուրջ բանակցությունների կողմնակից էր, ստացել է ընտրողների 42,84 տոկոսի քվեն: Էրօղլուն ընտրվելուց հետո հայտարարել է, թե Կիպրոսի հունական հատվածի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը կշարունակվի:
Նորընտիր նախագահին ուղղված Թուրքիայի ԱԳՆ-ի շնորհավորական ուղերձում ասված է, թե Էրօղլուն կառավարման մեծ փորձ ունի. «Մենք ողջունում ենք նոր նախագահի՝ ՄԱԿ-ի աջակցությամբ հակամարտության կարգավորման երկխոսությունը շարունակելու ցանկությունը»:
Իսկ Թուրքիայում հաջորդ տարի կարող է հանրաքվե անցկացվել՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Եթե թուրք ժողովուրդը սատարի նախագահական համակարգին, այդժամ հարցը կարող է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է վարչապետը: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, Էրդողանը հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն չտա փոփոխություններին, մենք հարցը կդնենք հանրաքվեի, որի ժամանակ թուրք ժողովուրդը կորոշի դրանց ճակատագիրը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահին ներկայումս ընտրում է խորհրդարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել