Մեկնաբանում է Կալանավորների հիմնախնդիրների լուծմամբ զբաղվող «Հուսո առագաստ» հ/կ-ի նախագահ Գեւորգ Կոշկարյանը:
Նախկին կալանավորների համար աշխատանք գտնելը դժվար է. դրան խանգարում է մի կողմից կրթության պակասը, մյուս կողմից էլ՝ հասարակության վերաբերմունքը: «Առավոտը» զրուցեց նախկին կալանավորների հիմնախնդիրների լուծմամբ զբաղվող «Հուսո առագաստ» հ/կ-ի նախագահ Գեւորգ Կոշկարյանի հետ՝ պարզելու, թե կրթության ոլորտում ի՞նչ խնդիրներ ունեն: Պարոն Կոշկարյանը հարցին պատասխանեց սեփական կյանքից մի դրվագ պատմելով. «Երբ 2003-ին ազատվեցի կալանավայրից, ցանկացա խորանալ բանասիրության մեջ, որոշեցի ընդունվել Մանկավարժական համալսարան: Ինձ ընդառաջեցին, հեռակա բաժնի երկրորդ կուրս նստեցի, սակայն վարձը մուծել չկարողանալու պատճառով չշարունակեցի: Մինչ այդ ավարտել էի Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժինը»: Գ. Կոշկարյանը պատմեց, որ կալանավայրից դուրս գալուց հետո ինքը մանկավարժ է աշխատել սահմանամերձ գյուղերից մեկի դպրոցում, սակայն այստեղ էլ է նրան խանգարել «անցյալը»:
«Արդեն համակերպվել էի աշակերտների հետ, նրանք էլ ինձ հետ էին մերվել, սակայն, երբ գյուղացիներն իմացան, որ դատված եմ եղել, բողոքեցին եւ ինձ աշխատանքից ազատեցին: Ախր մեզ վստահել է պետք: Չէ՞ որ Մակարենկոն ասում էր, որ ամենալավ դաստիարակության ձեւը վստահությունն է: Դատվածներին այլ աչքով են նայում: Օրինակ՝ եթե մի աղջիկ ցանկանա դատվածի հետ ամուսնանալ, հայրն անպայման վատ կնայի այդ հանգամանքին: Բայց այնքան դատված մարդիկ կան, որ քաղաքավարության եւ էթիկայի նորմերին չդատվածներից ավելի լավ են տիրապետում»,- նկատում է զրուցակիցս: Այս հանգամանքը պարոն Կոշկարյանն այսպես է բացատրում. «Մի քիչ էլ հասարակությունից է գալիս, վախենում են: Ախր չգիտեն՝ մարդն ինչի համար է դատվել: Օրինակ՝ ես հանցագործություն չեմ արել, բայց ճակատագրի բերումով դատվել եմ: Եթե փողոցում մեկը մի աղջկա անհանգստացնի, ես ուրիշների պես անտարբեր անցնել չեմ կարող: Այդպես էլ եղավ ժամանակին. ես մի տղայից մի աղջկա պաշտպանեցի, երկուսիս էլ տարան քաղմաս, վերջում ես մեղավոր դուրս եկա: Շատ մարդիկ էլ կան, որ իմանալով նախկին կալանավորներ ենք, մեղմ են մեզ վերաբերվում, օրինակ՝ Մասիվի, Քանաքեռ- Զեյթունի, Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցների տնօրենները: Չէ՞ որ ներելն էլ է դաստիարակության միջոց: Թշնամաբար պետք չէ տրամադրվել, մենք կալանավայրում ապրել ենք, հարկատուների հաշվին հաց կերել, այժմ այդ հացի համար պիտի վարձահատույց լինենք: Հոգսերը շատ են, բայց ինչ-որ տեղ իրավունք էլ չունենք, ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջելու»:
Պարոն Կոշկարյանը մտածում է նաեւ իրենց հ/կ-ի 500-ից ավելի անդամների երեխաների կրթության մասին: Նա «Առավոտին» պատմեց. «9-րդ մասիվում մեզ մի մանկապարտեզի շենք են տվել, ուզում եմ դա դարձնել մշակութային կենտրոն, ուղղակի աջակցություն է պետք, որ վերանորոգենք: Կունենանք աշուղական, ժողովրդական երգի, գոբելենի խմբակներ, կգտնվեն լավ մարդիկ ու մեզ համակարգիչ կնվիրեն, որ գաղութից ազատվածները գան համակարգիչ սովորեն, որ աշխատանք գտնեն: Այժմ ունենք ֆուտբոլի թիմ, շախմատի խմբակ: Իսկ եթե այդ կենտրոնը սկսի գործել, երեխաները մեծ սիրով կայցելեն, քանի որ մոտ կլինի, իսկ այժմ բավականին հեռու ենք բնակվում՝ Վարդաշեն քրեակատարողականին կից հանրակացարանում, եւ երեխաներին հարմար չէ հաճախել այլ խմբակներ: Հո մշակույթը, կրթությունը միայն հարուստ երեխաների համա՞ր չէ»: Գ. Կոշկարյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ իրենց, ֆինանսականից ավելի, բարոյական աջակցություն է պետք, ուստի դրա համար շնորհակալություն է հայտնում իրենց աջակցած սպորտի եւ երիտասարդության փոխնախարարին, պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանին, ռեժիսոր Արմեն Մազմանյանին:
Զրուցակիցս առաջարկում է հաճախ «կլոր սեղաններ», հանդիպումներ կազմակերպվեն նախկին կալանավորների մասնակցությամբ, որ հասարակությունը քիչ-քիչ իրենց սկսի հասկանալ: Ցավոք, հաճախ ծնողի նախկին դատվածությունը անդրադառնում է նաեւ երեխայի վրա: Նա պատմեց, որ իրենց անդամներից մեկի երեխան դպրոց չէր ուզում գնալ, քանի որ իրեն ասել էին՝ «պապադ գող է». «Հետո գնացի, դպրոցի տնօրենի հետ երեխաների շրջանում բացատրական աշխատանքներ տարա, ու ամեն ինչ տեղն ընկավ: Մեր անդամները մի քիչ կոմպլեքսավորված են, անգամ եթե բժշկական կարիք ունեն՝ առանց ինձ չեն գնում, ամաչում են… Կալանավայրից դուրս եկած մարդն արդեն հիվանդ է, ուստի կարծում եմ, որ նրանց համար բուժզննման պետական ծրագիր պիտի լինի: Հուշարձանների վրա գրված է՝ պաշտպանվում է պետության կողմից: Չէ՞ որ մարդն ամենամեծ մշակութային արժեքն է, նա էլ պիտի լինի պաշտպանված պետության կողմից»: