Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնադարյան ոճով

Ապրիլ 20,2010 00:00

Հայերի եւ հույների տների կանաչ եւ կարմիր տարբերանշանների բացակայությունը անհանգստացնում է թուրք պատգամավորներին:

Թուրքիայի «Խաղաղություն եւ Ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեբահատ Թունջելին անդրադարձել է այն խնդրին, որ հայ եւ հույն բնակչությունը  իրենց բնակարանների դռները զերծ են պահում պահանջվող պիտակներից:
Ստամբուլում հայկական եւ հունական ազգաբնակչության (որը մեծամասնություն է կազմում Ֆաթիհի, Մուսթաֆա Քեմալ փաշայի եւ Սամաթիայի, Շիշլիի Քուրթուլուշ եւ Ֆերիքյոյ շրջաններում) բնակարանների դռներին համապատասխան կանաչ եւ կարմիր ազդագիր-պիտակների  բացակայության մասին գրավոր հարցադիմումը Թուրքիայի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեբահատ Թունջելին ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Թունջելիի հարցապնդմանը պատասխանել է ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը:
Նախարարը հաստատել է, որ իսկապես հայկական եւ հունական բնակչության բնակարանները չունեն համապատասխան պիտակներ: Նախարարը շեշտել է նաեւ այն, որ ոչ մուսուլման բնակչության նկատմամբ 2009թ. հունվարի 1-ից սկսած չի գրանցվել որեւէ բռնության կամ ահաբեկչության դեպք: 2009թ. հունվարից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ վերոնշյալ շրջաններում գրանցվել է 91 բնակարանային գողության դեպք, որոնցից բացահայտվել է 11-ը:
Աթալայը իր պատասխանի մեջ անդրադարձել է նաեւ «Քաֆես» գաղտնի խմբավորման ծրագրերին: Ինչպես հայտնի է, այս խումբը թիրախ է դարձրել ոչ մահմեդական բնակչությանը եւ հատկապես հայերին: Երբ հայտնի դարձավ այս գաղտնի ծրագրի գոյության մասին, բացահայտվեց քրդերին եւ այլ ազգային փոքրամասնություններին ուղարկված սպառնալից նամակների փաստը: Քասըմփաշա փոստատնից հայտնաբերված սպառնալից նամակները հասցեագրված են հայկական եկեղեցիներին, հայկական թերթերին, «Ակոս» թերթին բաժանորդագրված անձանց եւ առհասարակ ոչ մահմեդական բնակչությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել