Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ

Ապրիլ 20,2010 00:00

Պահանջվող զիջումները ուղիղ համեմատական են կեղծիքների չափին

\"\"

«…Յոթ շրջանները հանձնելու ենք, միջազգային հանրությունն էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը… չէ՛, սկզբից ճանաչելու են անկախությունը, հետո հանձնենք… հա, բայց միանգամից յոթ շրջանն էլ չենք տալու՝ սկզբից հինգը, հետո մի քանի տարում էլ՝ մյուս երկուսը… չէ՛, լրիվ չենք տալու, Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհ պիտի մնա… հա, տենց լավ կլինի, համ Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, համ էլ ճանապարհ կունենանք»:

Անմտությո՛ւն,
անհեթեթությո՛ւն…

Եվ այս մտքերը լսում ենք ինչպես իշխանությունից, այնպես էլ դրանից դուրս կանգնած ամենակարկառուն քաղաքական գործիչներից, էլ չասած՝ շարքային քաղաքացիները, որոնք արդեն չեն էլ գիտակցում, թե ինչն են պաշտպանում: Նորից առաջի՞նն եք ուզում լինել, բայց այս անգամ արդեն ոչ թե հպարտանալու, այլ ազգին ծաղրի առարկա դարձնելու առումով: Արյունով ազատագրված եւ Ղարաբաղի միակ երաշխիքը հանդիսացող անվտանգության գոտիները մի ճմռթված թղթով պատրաստ եք վերադարձնել, ինչ է թե՝ նույնատիպ թղթի վրա պիտի ստանաք մի քանիսի կողմից ճանաչված Ղարաբաղի «օազիսը»: Կներեք, օազիսը չէ, մոռացա, որ գործող նախագահը կարծես խոստացել է Հայաստանի հետ կապող միջանցք թողնել: Միգուցե դա Լաչինն է: Միգուցե՝ մոտ երկու «գազելի» լայնությամբ «տուդա-աբրատնը» ասֆալտապատ ճանապա՞րհ: Իմաստային առումով տարբերություն չկա: Իհարկե կատակերգություն է, եթե ոչ ողբերգություն: Ինչպե՞ս կարող եք մտածել անգամ՝ սահմանադրությամբ եւ դե ֆակտո արդեն ձեւավորված, իր սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը լիարժեք պաշտպանող պետության հողատարածքի 80 տոկոսը նվիրաբերել պատերազմ սանձազերծած եւ պարտություն կրած հակառակորդին, ինչ է թե՝ 20 տոկոսը պիտի լինի ճանաչված: Սա ինչ դավաճանական հոգեբանություն է, որ ուռուցքի նման տարածվել է հայ ժողովրդի մեջ: Թեկուզ աշխարհը ճանաչի էլ 5 կամ 7 շրջանները հանձնած եւ արդեն անկլավի վերածված Ղարաբաղի լիակատար անկախությունը, ինչի՞ն ենք հասնելու դրանով, ինչին, եթե ոչ՝ ամենակարճ ժամկետներում Ղարաբաղի վերջնական կորստին: Սա միանշանակ է: Որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է պատերազմում փառահեղ հաղթանակ տարած ժողովուրդը, Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների վարած, մեղմ ասած, ապաշնորհ քաղաքականության արդյունքում կորցնելով ստրատեգիական առումով անվտանգության գոտիներ հանդիսացող իր տարածքի մեծագույն մասը՝ դիմագրավելու հոգեբանական ահավոր սթրեսին եւ նույն «գազելի» ճանապարհով, որը փորձում են ներկայացնել որպես կյանքի ճանապարհ, շուտափույթ չլքելու Ղարաբաղը: Որոշ ժամանակ անց այնտեղ նորից կանցկացվի հանրաքվե եւ 100 տոկոս ձայնով կվերամիավորվի «մայր» Ադրբեջանի հետ:
Սա՞ է ձեր ուզածը: Եվ ինչ պիտի հակադարձեք այս փաստարկին: Նույնիսկ, տեսականորեն, եթե ամբողջ աշխարհի հզորներն էլ պաշտպան կանգնեն Ղարաբաղի անվտանգությանը՝ վերոհիշյալ պրոցեսը հնարավոր չի լինի կանգնեցնել: Իսկ որ աշխարհն էլ անգամ չի կարող Ղարաբաղի սահմանների երաշխավորը դառնալ, սա՛ պարզից էլ պարզ է, քանի որ այսօր ունենալով բազում հակամարտություններ, դեռ ինքն է գտնվում ձեւավորման փուլում: Դրանք հարյուրներով են եւ սպասում են իրենց ժամին, որ նոր թափով բորբոքվեն: Ուրեմն ով ասաց, որ պետությունների սահմանները արդեն ձեւավորված են, ու մեր Ղարաբաղն էլ դառնալու է Շվեյցարիայի նման անձեռնմխելի սահմաններով անկախ պետություն: Չեմ կարծում այնքան հեքիաթասեր ենք, որ վստահելու ենք «բարեկամ» Ադրբեջանի ժողովրդավարությանն ու մեր հանդեպ տածած սիրուն: Մեկ, տասը կամ հիսուն տարի անց, առիթը ներկայանալու դեպքում, խանական հարեւանը ամբողջ ուժով գրոհելու է եթե նույնիսկ չհայաթափված, բայց արդեն անկլավի վերածված եւ առավել խոցելի Ղարաբաղի վրա: Իսկ այդ ժամանակ արդեն, ցավոք, փրկվելը կլինի անհնար: Վկա՝ վերջերս նույնկերպ կորցրած Արծվաշենը: Ոչ մի տարբերություն: Նույն անկլավն էր, անգամ Հայաստանի տարածքը: Պահեցի՞նք: Իհարկե՝ ոչ: Նույնիսկ չենք էլ հիշում, կարծես այդպես էլ պիտի լիներ: Էլ չեմ խոսում Հայաստանի հետ ընդհանուր սահման ունեցող, բայց արդեն ամբողջովին հայաթափված Նախիջեւանի մասին:
Սրա՞ն եք ձգտում դուք: Մի՞թե կարելի է այդքան կարճատես լինել: Ղարաբաղի հետ ճանապարհ ունենալու համար պատրաստ ենք հանձնել դե ֆակտո մեզ պատկանող ազատագրված հողերը: Թուրքիայի հետ ճանապարհ ունենալու համար արդեն հանձնում ենք պատմական հողերի պահանջատիրության իրավունքն ու ցեղասպանությունը: Ասացե՛ք, խնդրեմ, հնարավո՞ր է ստրատեգիայի ընկալման եւ ընդհանրապես՝ ինքնապահպանման բնազդի, սրանից առավել թերզարգացած դրսեւորում:
Իսկ արտաքին քաղաքականության մեջ թույլ տրված այսպիսի արտառոց սխալները, իհարկե, օդից չեն իջել: Դրանք հետեւանքն են ներքին քաղաքականության մեջ թույլ տրված հայերի ամենակոպիտ սխալի՝ տասնչորս տարի շարունակ կեղծվող ընտրությունների: Մենք ենք մեզ հասցրել այս օրվան: Հատկանշական է, որ միջազգային հանրության կողմից մեզանից պահանջվող զիջումները ուղիղ համեմատական են այդ կեղծիքների չափերին: Առաջին նախագահից պահանջում էին հինգ շրջանները, երկրորդն ու երրորդը այս «ձեռքբերումը» հասցրին յոթ շրջան պլյուս ԼՂԻՄ-ի:
Կտրուկ քայլեր են պետք: Բայց այսքանից հետո ներկա իշխանություններից կուրսի որեւէ փոփոխություն ակնկալելը անիմաստ է: Չափից ավելի շատ են խոցելի: Նույնիսկ ժամանակի կորուստը կարող է հանգեցնել անշրջելի կորուստների: Ներկայումս պետության համար միակ օգտակարը, որ նրանք կարող են կատարել՝ դա շուտափույթ հրաժարականն է եւ արդար ընտրությունների անցկացումը: Ի դեպ, հենց գործող նախագահն էլ պիտի դառնա այդ ընտրությունների արդարության երաշխավորը: Սա չի կարող չգնահատվել նոր ձեւավորվող լեգիտիմ իշխանության եւ ժողովրդի կողմից: Անհրաժեշտ է անմիջապես հարյուր ութսուն աստիճանով փոխել արտաքին քաղաքականության շեշտադրումները՝ անկախ մինչ այդ ձեւավորված վտանգավոր կարծրատիպերի: Դա է պահանջում հայկական երկու պետականությունների անվտանգությունը:
Նախ, առաջինը՝ Արցախի Հանրապետությունը կազմավորվել է ԽՍՀՄ-ի փլուզումից ու պարտադրված պատերազմի արդյունքում նոր սահմանների ձեւավորումից հետո եւ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Երկրորդ՝ այդ պատերազմում Ղարաբաղը, ընդհուպ՝ Հայաստանը, կորցրել է բավական հողատարածքներ՝ Արծվաշենը, Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի մի մասը, իսկ ավելի շուտ՝ կոմունիստական հանցավոր պարագլուխների թեթեւ ձեռքով՝ նաեւ Նախիջեւանը: Այս բոլոր տարածքներից, ներառյալ բուն Ադրբեջանում իրականացված սպանդից գաղթած փախստականները բնակեցվել եւ բնակեցվում են հարակից ազատագրված տարածքներում: Փոքր Հայաստանը այլընտրանք չունի: Բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները պիտի վերադառնան իրենց, իսկ հայերն էլ՝ իրենց բնակավայրերը, ծիծաղելի են, տեսականորեն ու փաստացի՝ անհնար, եւ կնշանակի պատերազմի երկրորդ ու առավել կատաղի բռնկում (միջազգային հանրությունը դժվար թե առերես այդպիսի ցանկություն ունենա): Երկու երկրների սահմանամերձ բնակչության անվտանգությունը ապահովող առավել օպտիմալ ստատուս քվո, քան ներկայումս է, դժվար է պատկերացնել: Բոլորը պարտավոր են հաշվի նստել այս իրողության հետ: Իսկ որեւէ մի պետության կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանն ու Ղարաբաղը իրենց իրավունք են վերապահում, պատժելով ագրեսորին, եւ որը ընդունված է պատերազմի չգրված օրենքներով՝ իրականացնել նորանոր ծրագրեր՝ Ռուսաստանի հետ ունենալ ընդհանուր սահման եւ ելք դեպի ծով: Թող մեր ռազմատենչ հարեւաններն իրենք զգուշանան սայթաքումներից, լինի արեւելքինը, թե՝ հյուսիսինը: Ինչ վերաբերում է հզորների ճնշումներին: Առաջին հերթին՝ լեգիտիմություն, սեփական երկրի շահերն ու հեղինակությունը ամեն ինչից վեր դասելու գիտակցում եւ մի փոքր էլ տղամարդկություն: Ընդամենը այսքանը: Հակառակորդից էլ կարելի է որոշ բաներ սովորել, որը, երբ պետության իմիջն է շոշափվում, ոչ միայն չի հակադրվում, այլեւ աչքը չի թարթում նույնիսկ նսեմացնող դիվանագիտական հարվածներ հասցնել ցանկացած հզորի:
Հայաստանի պետականությունը պահպանելու, ամրապնդելու եւ հեղինակությունը բարձրացնելու մեկ այլ կոնցեպցիա դժվար է պատկերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել