Լրահոս
Օրվա լրահոսը

Օշականի սրբատեղիներում

Ապրիլ 20,2010 00:00

Հայկական գյուղերին բնորոշ պատկեր է, երբ թոնիրներից, երդիկներից դուրս եկող անուշահոտ լավաշի բույրը, մառաններից՝ գինու հոտն ու խոտերի ու ծառերի թարմ շունչը իրար միախառնված՝ ստեղծում են գյուղական կոլորիտ:

Բայց Օշականը առանձնահատկություն ունի: Այստեղ է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, այստեղ են բազմաթիվ եկեղեցիներ:
Որոշեցինք այցելել Օշականի բոլոր սրբատեղիները ու նկատեցինք ձեռնափայտով մի տղայի, որը զինծառայության ժամանակ հրաշքով էր փրկվել մահից: Ու որոշեցինք Օշականի բոլոր սրբատեղիներում մոմ վառել եւ հայցել Աստծուց, որպեսզի բոլոր զինվորները առողջ ու անփորձանք վերադառնան իրենց տները:
Օշականի ամենահայտնի սրբատեղին Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է, որոշեցինք առաջինը լինել հենց այս եկեղեցում: Մի քանի տարի առաջ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը վերանորոգվել է: Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս Օշական: Մինչեւ եկեղեցի մտնելը՝ ուշադրությունդ գրավում է եկեղեցու առջեւի փոքրիկ հողակտորի վրա խոտերով գրված հայոց այբուբենը, որը խնամքով պահպանվում է ամառ, թե ձմեռ: Հիանում ես եկեղեցու հարեւանությամբ գտնվող փոքրիկ պուրակում տեղադրված խաչքարերով, որոնցից յուրաքանչյուրը մեսրոպյան այբուբենի մի տառ է: Մտնում ենք եկեղեցի: Մոմավաճառից բացի՝ ոչ ոք չկա այնտեղ: Ներսում էլ ուշադրությունս գրավում է «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» նախադասությունը: Իսկ պատկերներն այնքան տպավորիչ են, որ չես կարողանում հայացքդ կտրել դրանցից: Մոտենում ենք խորանին, աղոթում բոլոր այն զինվորների համար, ովքեր ընտանիքից հեռու, գիշեր ու ցերեկ հսկում են մեր սահմանները: Լսում եմ ընկերուհուս ձայնը՝ «Տեր, պահպանիր եղբորս եւ մնացած բոլոր զինվորներին»:
Օշականի հաջորդ սրբատեղին Թուխ Մանուկն է՝ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարեւությամբ: Այստեղ է Դիդի Կոնդ կոչվող բարձունքը, որին օշականցիները պարզապես Կոնդ են անվանում: Եռագագաթ մի բլրակ է, որի լանջին էլ հենց Թուխ Մանուկն է՝ կարմիր տուֆով կառուցված: Այս մատուռ գյուղացիները փոքրիկ քարեր են տանում՝ երազանքի քարեր: Մենք էլ ճանապարհից վերցնում ենք մեր երազանքի քարերն ու մտնում մատուռ ու պարտավոր ենք մեր երազանքի քարերն անպայման պատին ամրացնել-կպցնել՝ հանուն հազարավոր պատանիների, որոնց մայրերն ամեն օր սրտատրոփ սպասում են նրանց վերադարձին:
Հաջորդը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռն է, որ Կոնդի ամենաբարձր գագաթին է: Հասնում ենք մատուռ ու մի պահ քարանում: Նախկին մատուռից ոչինչ չէր մնացել՝ վերանորոգված էր, նախկին մեկ մուտքի փոխարեն կար երեք մուտք, մատուռի տարածքը ցանկապատվել է, ներսում լուսավոր է, պատերը ներկված են ծիրանագույն: Վառեցինք մոմերը ու դուրս եկանք մատուռից:
Քայլեցինք դեպի Սուրբ Աստվածածին: Խուսափում եմ այն մատուռ կամ եկեղեցի անվանել, որովհետեւ ոչ մատուռ է, ոչ էլ, առավել եւս, եկեղեցի՝ ժայռերի ու քարերի մեջտեղում մի բացվածք է: Ըստ գյուղացիների, այստեղ է հանգրվանել Սուրբ Աստվածածնի հոգին եւ այդ պատճառով էլ այն սրբատեղի է դարձել: Ասում են՝ հիվանդ երեխաներին այստեղ են բերում, եւ նրանք ստանում են Աստվածածնի օրհնությունն ու բուժվում: Աստիճանապատ էր Աստվածածին տանող ճանապարհը, նաեւ բազրիք կար: Այլեւս անվտանգ է ճանապարհը, մատուռը մաքրված է, նաեւ՝ սրբապատկերները: Երեւում է, մեր գնալուց առաջ այստեղ դեռահասներ են եղել. նրանք պատերին մոմերով տառեր էին գումարել իրար եւ գումարը ստացել՝ ՍԵՐ: Երեւի կամեցել են, որ Աստվածածինը օրհնի իրենց սերը:
Մեր ուխտը ավարտին հասցնելու համար մնում էր մեկ սրբատեղի էլ այցելել՝ Սուրբ Սիոնը կամ Մանկանոցը, ինչպես օշականցիներն են ասում: Գյուղի տարեցները բազմաթիվ պատմություններ գիտեն այս մատուռի մասին: Ասում են՝ այնտեղ քառասուն մանուկ են այրել: Մեկ ուրիշ պատմության համաձայն, մատուռի տեղում մի սառած լիճ է եղել, կողքին՝ տաք բաղնիք: Հեթանոսները քրիստոնյա զինվորներին լցրել են լիճը եւ ստիպել դավանափոխ լինել: Ով ուրանար իր կրոնը՝ կարող էր մտնել տաք բաղնիք եւ փրկվել, ով ոչ՝ կմահանար…
Մեր վերջին մոմերը վառեցինք հենց այստեղ եւ հեռացանք: Կարծես ի նշան խաղաղության եւ բռնության բացառման, քրիստոնյաներս, հեթանոսի նման ու հեթանոսավարի, ծառին թաշկինակ կապեցինք՝ ի կատարումն երազանքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել