Կռվախնձոր դարձած բնակարանի նոր «սեփականատեր» է հայտնվել
Փետրվարի 24-ին «Չեմ ուզում մանկատուն գնալ» հրապարակմամբ անդրադարձել ենք երկկողմանի ծնողազուրկ 9-ամյա Նունե Թոմոյանի խնդրին: Վանաձորցի աղջնակի ճակատագիրը անորոշ է՝ կռվախնձոր դարձած բնակարանի պատճառով: 9-ամյա աղջկա հայրը տարիներ առաջ սպանել է իր հորը, եւ արդեն բանտում հասկանալով արածը՝ ինքնասպան է եղել: Մայրը մահացել է այս տարվա հունվարի 4-ին՝ լյարդի հեպատիտից եւ խախտվել է նախնական պայմանավորվածությունը, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում գտնվող տունը պետք է վաճառվեր եւ գումարը բաժանվեր երեք մասի՝ Նունեի մոր, հորաքրոջ եւ հորեղբոր միջեւ: Նունեի ծնողների տանը այժմ ապրում է Նունեն՝ արցախյան պատերազմի մասնակից հորեղբոր՝ Տիգրան Ղազախեցյանի ընտանիքի հետ: Իսկ հորաքույրը, որ ապրում է Վանաձորի ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած քաղաքացիներին տրված Երեւանյան խճուղու 90 հասցեում գտնվող հանրակացարանում՝ քաղաքի ծայրամասում, ամեն գնով փորձում է խոչընդոտել երեխայի խնամակալությունը հորեղբորը հանձնելու գործը: Բնակարանը ձեռք բերելով՝ նա կազատվի մի մեծ խնդրից, իր ընտանիքը, միակ աղջիկն ու փեսան հիմնական տանիք կունենան՝ 9-ամյա աղջկան անմարդկային տառապանքներ պատճառելու գնով: Երեխայի խնամքը հորեղբոր ընտանիքին հանձնելուն խոչընդոտում էր «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա ՊՓԲԸ-ն՝ չտրամադրելով հորեղբոր առողջության մասին տեղեկանք, ըստ որի՝ խնամակալը չի տառապում առողջապահության նախարարության թիվ 517 որոշմամբ հաստատված վտանգավոր հիվանդություններից ոչ մեկով: Երեխայի հարցով մտահոգ «Օրրան» հ/կ-ն է միջամտել եւ երկամսյա պայքարից ու երկար քաշքշուկից հետո Վանաձորի անչափահասների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը աղջնակի խնամակալությունը հանձնել է հորեղբոր ընտանիքին:
Սակայն մի խնդրից չազատված Ղազախեցյանները նոր խնդրի առաջ են կանգնել: Ապրիլի 4-ին ընտանիքը դատարանից ծանուցագիր է ստացել: Նունեի հոր՝ Լեւոն Ղազախեցյանի առաջին կինն ու որդին հավակնություններ ունեն նույն բնակարանի հանդեպ եւ պահանջում են ազատել բնակարանը: Վերջինս անգամ հաջողել է բնակարանի սեփականատեր դառնալ եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցել իր «սեփականությունը»: Ըստ «Օրրանի», դա արվել է ոչ օրինական ճանապարհով, քանի որ բնակարանը դեռեւս քաղաքապետարանի հաշվեկշռում է: Քաղաքապետարանում էլ են զարմանում թե ինչպես են բնակարանը սեփականաշնորհել առանց իրենց իմացության, բայց պնդում են, որ տեսել են սեփականության վկայականն ու դատավորի ստորագրությունը: Ըստ «Օրրանի», Նունեի հաղթելու հնարավորությունները շատ քիչ են, քանի որ հայրը մահացել է՝ առանց հայրությունը ճանաչելու: Ու ոչ ոք, բացի հորեղբորից, դատարանում չի պաշտպանի Նունեի շահերը:
Ապրիլի 28-ին վերջապես պարզ կդառնա, թե ում բաժին կհասնի կռվախնձոր դարձած բնակարանը, սակայն «Օրրանը» վճռական է տրամադրված, եւ հակընդդեմ հայցով դիմելու է դատարան՝ բնակարանը ընտանիքին թողնելու պահանջով, որից հետո դատական կարգով կփորձի վերականգնել Նունեի հայրությունը ճանաչելու հարցը: