ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության տեղեկացմամբ, մայրաքաղաքի բնակիչ Ա. Հակոբյանը ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է. այնտեղ է հայտնվել խարդախություն կատարելու համար։ Պարզվում է, որ նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր աղջիկների հետ, հետո ինտերնետային ամենօրյա շփումներն այնքան են «մտերմացրել» նրանց, որ Հակոբյանն իր վիրտուալ սիրուց ոգեւորված՝ աղջիկներին խնդրել է լիցքավորել իր բջջային հեռախոսը։ Պատճառաբանություններն ամեն անգամ այնքան «հիմնավոր» են եղել, որ դյուրահավատ աղջիկները, առանց երկար-բարակ մտածելու, օգնության ձեռք են մեկնել ինտերնետային ծանոթին։ Մի դեպքում, օրինակ, «ծանոթուհիներից» մեկը 20 հազար դրամ է փոխանցել Հակոբյանի բջջային հեռախոսին, մեկ այլ դեպքում 35 000 դրամի լիցքավորում են կատարել 2 այլ աղջիկներ։ Մի դրվագով էլ ազատազրկվածը ներկայացել էր որպես գործարար: