Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ «ՏԷՑ-Ի ԿՌՈՒԳԸ»

Ապրիլ 20,2010 00:00

Որին մասնակցում էին Փռի Արթուրը, Դմբուզը, մի փոխնախարար եւ ՌԴ-ից «հյուրախաղերի եկած» քրեականներ

\"\"Շաբաթ, ապրիլի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմաց գտնվող «Crazy horse» ստրիպտիզ բարի մոտ հավաքվել էին 60-ից ավելի մարդիկ, իսկ մոտակա տարածքում կայանված էին մեծ թվով՝ տարբեր մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներ: Տեղի էր ունենում «հրապարակային ռազբորկա», լսվում էին փոխադարձ հայհոյանքներ: Մինչ տեղի էր ունենում «ռազբորկան», դեպքի վայր ժամանեցին համայնքի ոստիկանության թվով 10-15 աշխատակիցներ, ինչն ակնհայտորեն քիչ էր «ռազբորկան» կանխելու համար: Եվ քիչ անց ոստիկաններին օգնության հասան Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնք էլ համատեղ վնասազերծեցին «ռազբորկայի» մասնակիցներին՝ բոլորին պառկեցնելով գետնին: Թեեւ «ռազբորկայի» մասնակիցների մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, գաղտնի փականով դանակներ, մահակներ, բարեբախտաբար կրակոցներ չեղան, զոհեր եւ վիրավորներ չկան:
«Առավոտի» տեղեկություններով, «ռազբորկայի» վայրից ոստիկանության Նոր Նորքի բաժին են տարվել 70 անձ, 36 ավտոմեքենա, իսկ դեպքի վայրում հայտաբերվել է 3 հատ ՏՏ, 4 հատ «Մակարով», 2 հատ թմբուկավոր ատրճանակներ, 1 հրացան:
Դեպքի վայրից փախուստի է դիմել «Երրորդմասցի Հոնչ» մականվամբ թաղային հեղինակություն, որն անցյալ տարի սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ազգականն է: Կալանավորվել են Նորքի 1-ին զանգվածի հանցաշխարհի հեղինակություն Ժիրոն, Փռի Արթուրը, Դմբուզը, Աշոտիկը եւ այլք՝ թվով 55 հոգի:
Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածները հիմնականում Կոտայքի մարզի, Երեւանի Էրեբունի եւ Նոր Նորք վարչական շրջանների հանցագործ կյանքով ապրող անձինք են: Որոշ լուրերի համաձայն՝ միջադեպին մասնակցում էին նաեւ ՌԴ-ից ժամանած հայազգի քրեական հեղինակություններ: Դեպքի վայրում նկատվել է գյուղատնտեսության  փոխնախարարներից մեկի ավտոմեքենան; Իսկ շարժառիթը, որի մասին խոսակցությունները շրջանառվում էին հենց դեպքի վայրում, խոշոր գումարների եւ անշարժ գույքի հետ կապված «բազարն» է եղել:
Դեպքի վայրում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը: Երբ նշված անձինք հեռացան դեպքի վայրից, ժամանեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը եւ սկսեց լրագրողների, մասնավորապես՝ տողերիս հեղինակի հասցեին հայհոյախառն արտահայտություն տալ եւ հրահանգում էր իր ենթականերին, որպեսզի թույլ չտան լուսանկարել:
«Առավոտի» տեղեկություններով, «ոազբորկայի» փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահելու-կրելու մեղադրանքներով: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր քննչական մարմինը նախնական կալանքի վերցված անձանց համար դիմելու է դատարան՝ որպեսզի որոշվի նրանց խափանման միջոց ընտրելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել