Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆՈՒՄ ՁՈՒԿ ՈՐՍԱԼԸ ԿԱՐԳԵԼԵՆ

Ապրիլ 20,2010 00:00

3 տարի ժամկետով Սեւանա լճում կարգելեն ձկնորսությունը: Երեկ այս մասին լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հայտնելով, որ նման որոշում կայացրել է ՀՀ կառավարությունը: Սա կառավարության ներկայացուցիչը բացատրեց ձկնապաշարները համալրելու ու վերարտադրություն ապահովելու նպատակով: Նա նաեւ ասաց, որ Սեւանա լճի ջրի մակարդակը, նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի 50 սմ-ով  բարձրացել է: Այս տարվա ծրագրով նախատեսվել է մոտ 600 հա տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնել. «Միայն մոտ 450 հա մաքրման աշխատանքները կատարելու ենք կոնկերտ ջրի մեջ»: Կլինի նաեւ անտառվերականգնման ծրագիր: Ա. Հարությունյանը նշեց, որ այս տարի ընդլայնել են ուսումնասիրվող ձկնատեսակները. «Մոտ  7,5 միլիոն դրամի ծառայություններ ենք իրականացնելու բոլոր ձկնատեսակների, հատկապես՝ սիգի ու գեղարքունի իշխանի, էնդեմիկ ուսումնասիրություններ ենք անելու՝ կատարելով մեր պաշարների հաշվառումը»: Նա, անդրադառնալով ուրանի հանքավայրի շահագործման մասին պտտվող տեղեկություններին, ասաց, որ իրականացվում են ուրանի հանքավայրի արխիվային նյութերի ուսումնասիրություն. «Ուրանը իրենից վտանգ կարող է ներկայացնել միայն հարստացման ժամանակ, այսինքն՝ դեռեւս խոսել ուրանի հանքավայրի շահագործման մասին՝ վաղաժամ է, փաստաթղթային ուսումնասիրությունից ու գնահատումից հետո նոր պարզ կդառնա հետագա գործընթացների մասին»:
Պարոն Հարությունյանի հավաստմամբ, արդեն այս տարի կտպագրեն նոր Կարմիր գիրքը՝ նոր բուսատեսակների եւ կենդանատեսակների համալրմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել