Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի օդային ճանապարհները դեռ փակ են

Ապրիլ 20,2010 00:00

Արդեն քանի օր է՝ ինչ եվրոպական երկրների միջեւ օդային կապը կաթվածահար վիճակում է: Հազարավոր ավիաչվերթներ չեն իրականացվում, քանի որ Իսլանդիայի Էյֆյադլայոկուդլ լեռը շարունակում է իր հրաբխային ժայթքումները: Բազմաթիվ եվրոպական օդանավակայաններ ժայթքումների պատճառով փակվել են, Եվրոպայում խափանվել է նաեւ ավիահաղորդակցությունը: Ինչպես այլ ավիաընկերություններ, այնպես էլ հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 16-19-ն ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներ ոչ մի չվերթ չի իրականացրել: Ավիաընկերությունը պետք է Երեւան-Փարիզ-Երեւան, Երեւան-Ցյուրիխ-Երեւան եւ Երեւան-Ամստերդամ-Երեւան ուղղություններով չվերթներ իրականացներ: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նրա խոսքերով, իրենք դեռ հաշվարկ չունեն, թե ֆինանսապես ինչքան վնասներ են կրել, հիմա միայն կարող են ասել, որ եվրոպական երկրներ մեկնողները կարող են իրենց գնած տոմսերը կրկնաամրագրել այլ չվերթների համար: Բացի այդ, Ն. Ավետիսովան ասաց, որ իրենք հետագայում պլանավորել են չարտերային (չնախատեսված) չվերթներ իրականացնել այն ուղղություններով, որոնք հիմա հետաձգվել են. «Ուղեւորները տեղեկացված են նաեւ, որ կարող են իրենց վաղօրոք ամրագրած տոմսերը վերաձեւակերպել ապրիլի 20-ին ու 21-ին՝ Երեւան-Հռոմ-Երեւան ուղղությամբ մեկնող չվերթի վրա, քանի որ Հռոմի «Ֆյումինչինո» օդանավակայանը գործում է բավարար ռեժիմով»:
Ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի, այս օրերին Եվրոպա մեկնող 16 չվերթ է հետաձգվել: Նա դժվարացավ նշել, թե չվերթները երբ են վերականգնվելու:
Նշենք, որ արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ եվրոպական երկրների ավիատորները երեկ փորձնական չվերթներ են կատարել իսլանդական լեռան շուրջ եւ հավաստիացրել, որ ինքնաթիռների չվերթներին խանգարող ոչ մի խոչընդոտ չկա, սակայն օդնավակայանները չեն շտապում բացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել