Ապրիլի 21-ին տեղի կունենա Երեւանի ՋԷԿ-ի համակցված ցիկլի նոր շոգեգազային էներգաբլոկի շահագործման հանդիսավոր արարողությունը: «Արմինֆոյի» տեղեկություններով՝ արարողությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Երեւանի ՋԷԿ-ում համակցված ցիկլի նոր էներգաբլոկի կառուցումն իրականացվում է 2008թ. հուլիսից: Նոր էներգաբլոկը կառուցվում է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) $240 մլն (26,4 մլրդ ճապոնական իեն) վարկային միջոցներով: Այն կունենա 271 ՄՎտ ընդհանուր հզորություն, այդ թվում՝ 242 ՄՎտ էլեկտրական հզորություն:
Իսկ ահա մեկ այլ՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ամբողջությամբ ավարտվել են Հայաստանում եզակի եւ խոշորագույն 1000 տ/ժ գոլորշի հզորությամբ էներգետիկ կաթսայի ջրագոլորշային տրակտի վերակառուցման աշխատանքները (արտադրված է Տագանրոգի կաթսային գործարանում): Այդ մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդի» կայքը, համաձայն որի՝ մոնտաժվել է մոտ 1600 տ սարքավորում, կատարվել են հետմոնտաժային հիդրավլիկ փորձարկումներ: Հաջողությամբ իրականացվել են գոլորշաթթվածնային փչամաքրման եւ կաթսայի ջրագոլորշային տրակտի մաքրման աշխատանքները: Շինարարության ավարտից եւ արդիականացումից հետո Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հզորությունը կկազմի 480 ՄՎտ: Պայմանական վառելիքի ծախսը կկազմի 165 գր 1 կՎտ էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ գործող չորս էներգաբլոկների 350-320 գր դիմաց: