Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը համաշխարհային հանրությանը խնդրել է գտնել եւ շրջափակել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եւ նրա մերձավորների հաշիվները: Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, որին հղում է կատարել «Արմինֆոն»՝ հայտնի է դարձել, որ ապրիլի սկզբին միայն երկու օրվա ընթացքում վեց առեւտրային բանկերի միջոցով երկրից դուրս է հանվել 200 մլն դոլար: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Թեմիր Սարիեւի ասելով, նախնական տեղեկությունների համաձայն, միջոցները գտնվում են ամերիկյան բանկերից մեկում: Իրավիճակն արդեն քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ: Ժամանակավոր կառավարությունը հաղորդել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ահաբեկչական գործողությունների կազմակերպման նպատակով: Ղրղըզստանում հեղաշրջումից հետո նախկին նախագահ Կ. Բակիեւի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապրիլի 7-ի անկարգությունների ընթացքում սպանությունների, ինչպես նաեւ Բակիեւի կողմից իր դիրքի չարաշահման առնչությամբ: