Երեկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ գերմանական KfW բանկի Եվրոպայի մասնավոր եւ ֆինանսական հատվածի զարգացման ստորաբաժանման ղեկավար-փոխնախագահ Եվա Վիտտի կողմից ստորագրվեց պայմանագիր, որը ենթադրում է Գերմանա-հայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի լրացուցիչ՝ երրորդ մասնաբաժնի՝ 20 մլն եվրո վարկի տրամադրում: Այդ գումարը ԿԲ-ին տրամադրվում է 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ:
Նախատեսվում է այդ գումարն օգտագործել առաջիկա երեք տարիների ընթացքում՝ նույն սկզբունքներով, ինչ որ սահմանվել էին ծրագրի առաջին երկու փուլերի ժամանակ: Իսկ այդ սկզբունքները հետեւյալն են՝ վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց 10 տարով, շուկայական տոկոսադրույքներով՝ 12-16%, բնակարանների կամ առանձնատների ձեռքբերման կամ առկա բնակարանների վերանորոգման նպատակով:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրն ընդունվել եւ համաձայնեցվել է հինգ տարի առաջ՝ մեր կառավարության եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից:
Պայմանագրային հաստատում այդ պայմանավորվածությունները ստացան 2006-2007թվականներին, ինչի արդյունքում գերմանական KfW բանկը ԿԲ-ին տրամադրեց 12 մլն եվրո վարկային (6մլն+6մլն) եւ 1,5 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: Այս ծրագրին մասնակցում է հայաստանյան 9 բանկ եւ 2 վարկային կազմակերպություն: Ընդհանուր առմամբ՝ դրանք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց՝ անշարժ գույք ձեռք բերելու կամ վերանորոգելու համար տրամադրել են 6,9 մլրդ դրամի վարկ: Վարկերի հիմնական մասը ձեռք են բերել մարզերի բնակիչները: Մեկ անձի ձեռք բերած վարկի առավելագույն չափը կազմել է 12 մլն դրամ: Սակայն չի բացառվում, որ տրամադրվող վարկի առավելագույն չափը կարող է բարձրանալ:
Հավանական է նաեւ, որ ներկայումս առեւտրային բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի՝ 83 մլն դրամ ծավալը առաջիկայում գրեթե 1,5 անգամ բարձրանա՝ հասնելով 110-120 մլրդ դրամի: Դա պատճառաբանվում է հիփոթեքային շուկայում պահանջարկի գերակայությամբ՝ առաջարկի համեմատ: