Վանում առաջին անգամ հինգաստղանի հյուրանոց է կառուցվում: Հյուրանոցի բացումը տեղի է ունենալու 2011 թ. ապրիլին: Այն աշխատանքով կապահովի 150 անձանց: Հյուրանոցի կառուցումը կապված է Աղթամարի (Սբ. Խաչ) եկեղեցում սպասվող արարողությանը մասնակցել ցանկացողներին տեղով ապահովելու հետ: Արդեն սկսել են հյուրանոցի տեղերի համար նախնական պատվերներ տալ:
Հյուրանոցի կառուցման աշխատանքներն արդեն սկսված են: Այն գտնվում է Վան-Էդրեմիթ ճանապարհին: Կառուցվող հյուրանոցի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն. «Քաղաքը անցած տարիներին բազմաթիվ զբոսաշրջիկներ է հյուրընկալել. այդ հաջողությունը պահպանելու համար մատուցվելու են ամեն տեսակի տուրիստական ծառայություններ»: Քարաօղլուն տեղեկացրել է, որ Աղթամարի եկեղեցում միայն մեկ օր՝ սեպտեմբերի 12-ին, պատարագ է մատուցվելու, որի շնորհիվ դեպի քաղաք կապահովվի զբոսաշրջիկների մեծ հոսք: Ապա ավելացրել է. «Արդեն սկսել են հյուրանոցի տեղերի համար նախնական պատվերներ տալ: Հյուրանոցների տեղերի զբաղեցումը, անցած տարիների համեմատությամբ, ավելացել է: Զարգացող այս քաղաքում հինգաստղանի հյուրանոցի մեծ կարիք էր զգացվում»:
Հյուրանոցը զբաղեցնում է 9 850 քառակուսի մետր տարածք: Աշխատանքների համար ծախսվելու է 10 մլն դոլար: