Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ՝ ԱՌԱՆՑ «ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ»

Ապրիլ 20,2010 00:00

Մտավոր սեփականության անպաշտպան վիճակի հետեւանքով Հայաստանում
այսօր զգալի տեմպերով զարգանում է «պիրատություն» երեւույթը:

Հեղինակային իրավունքների խախտման հետեւանքով տուժում է ոչ միայն ստեղծագործողը, այլեւ՝ Հայաստանի տնտեսությունը եւ միջազգային հեղինակությունը: Հիշեցնենք, որ, օրինակ, BSA-ի (Business Soft Alliance) ամեն տարի իրականացվող հաշվետվությունները արձանագրում են, որ «պիրատական» բարձր՝ մոտ 92% ցուցանիշով Հայաստանը համեմատվում է Զիմբաբվեի ու Շրի Լանկայի հետ, այլ ուսումնասիրությունների համաձայն՝ ցուցանիշը մեր երկրում մինչեւ 95% է կազմում: «Մեր երկրում անօրինականությունները բավականին շատ են: Չկա մի բնագավառ, որտեղ հեղինակային եւ հարակից իրավունքները չխախտվեն, դրա համար արվեստագետները լքում են երկիրը»,- օրերս նման մտահոգություն հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա կարծիքով՝ ներկայումս ԱԺ-ում քննարկման փուլում գտնվող «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման մասին» օրենքը ընդունելու դեպքում ե՛ւ հեղինակային իրավունքները կպաշտպանվեն, ե՛ւ ստվերային էկոնոմիկան նվազեցնելով երկիրը տնտեսապես կշահի ու կստեղծվի  օրինական դաշտ. «Եթե մեզ մոտ ստուգում անենք, հատկապես՝ անցումներում, օրինական ոչինչ չկա: Շատ հանգիստ, տեխնիկայի միջոցով օրիգինալից 10 րոպեում արտագրում, ինչքան ուզում են՝ էժան գներով վաճառում, այնինչ չի կարելի մտավոր աշխատանքը գնահատել 200 դրամով»:
Հաճախ հնչող մտահոգությունները, թե լրամշակված օրենքի ընդունման դեպքում կավելանա գործազրկությունը, Ս. Ներսիսյանը համաձայն չէ. «Հակառակը տեղի կունենա, որովհետեւ մարդը, որ այսօր վաճառում է այդ անօրինական ձայներիզները, տեսաերիզները կամ այլ կրիչների վրա ապրանքները, ինքն արդեն գործազուրկ է եւ ոչինչ չի կորցնի, կմտածի աշխատանք գտնելու մասին»:
Նա գտնում է, որ այսօր շուկայում վաճառվող 7 հազար դրամ արժեցող սկավառակների գինը դեռեւս չի նշանակում, որ լիցենզավորված են: Նախագծի հեղինակը այս առումով վստահեցնում է, որ օրինական դաշտ բերելով բոլորին, կկարգավորեն գները եւ դրանք չեն լինի շատ բարձր եւ ցածր: Օրենքում հստակ նշվում է, որ ամեն սկավառակից հեղինակը, կատարողը, պետությունը իրենց մասնաբաժինը կունենան, եւ նույնիսկ այդ դեպքում օրինական սկավառակի գինը չի անցնի 2-3 հազարը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել