Ստամբուլի ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության աշխատակիցների գործողությունների արդյունքում թմրանյութերի տարանցման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել: Ըստ news.am-ի, թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր ժամանած Հայաստանի պետհամարանիշով մեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 101 հատ փակված փաթեթ՝ ընդհանուր 51 կգ 300 գրամ տարողությամբ: Փաթեթների մեջ հայտնաբերվել է 360 հատ captagon դեղահաբ: Անմիջապես ձերբակալվել են մեքենայում գտնվող Հայաստանի երկու քաղաքացիները: Նույն գործի շրջանակներում Բաթմանից եւ Ստամբուլից ձերբակալվել են նաեւ այլ անձինք, որոնց մեջ կա նաեւ Սիրիայի մեկ քաղաքացի: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է անօրինական պահվող 2 ատրճանակ եւ պահունակ: Ստամբուլի ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ գործողությունները իրականացվել են ստացված այն տեղեկության հիման վրա, որ Հայաստանում արտադրված թմրամիջոցները Սիրիա են տեղափոխվելու Թուրքիայի տարածքով: