Երեկ կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ. «Մի շարք լրատվամիջոցների ապրիլի 17-ի համարներում տեղ է գտել «Գեղագիտության ազգային կենտրոնին» պատկանող «Փոքր թատրոնի» դահլիճում գրող, հրապարակախոս Տ. Պասկեւիչյանի «Ընտրություն» ֆիլմի ցուցադրության՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արգելքի վերաբերյալ տեղեկատվություն, որի կապակցությամբ հայտնում ենք. «Գեղագիտության ազգային կենտրոնը» փակ բաժնետիրական ընկերություն է, որի պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն է:
Կանոնադրության 2.4 կետում նշված է, որ ընկերությունը կարող է իրականացնել նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեություն՝ այլ կազմակերպությունների հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ: Նշված ֆիլմի ցուցադրման համար բացակայել է համապատասխան պայմանագրային հիմքը, ինչի պատճառով էլ այդ միջոցառումը տեղի չի ունեցել, որի մասին տեղեկացվել է նաեւ հեղինակին»: