Պաշտոնական Թեհրանն առաջարկում է անցկացնել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքով, Իրանը հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդություն իրականացնելու նախաձեռնությամբ եւ այդ նպատակով մտադիր է Թեհրանում անցկացնել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում:
Մոթթաքին նաեւ տեղեկացրել է, որ Ադրբեջանն արդեն տվել է իր համաձայնությունը, Թեհրանը պատասխան է սպասում Հայաստանից: News.am-ը այս հայտարարության առնչությամբ հիշեցնում է, որ պաշտոնական Երեւանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է Թեհրանին, թե ղարաբաղյան գործընթացը վարվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ջանքերը, բայց հիշեցնում է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- ավելի վաղ գործակալության հետ զրույցում նշել էր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական աղբյուրը: