Թուրքագետ Անահիտ Մկրտչյանն առաջարկում է «ժողովրդական դիվանագիտությամբ» կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:
«Անհրաժեշտ է զարկ տալ ժողովրդական դիվանագիտությանը, զարգացնել տնտեսական հարաբերությունները՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների մակարդակի, այնուհետեւ նոր հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Շատ դժվար, պատասխանատու խնդրի հետ գործ ունեն մեր երկրի ղեկավարները եւ առավել հետեւողական պետք է լինեն՝ ի շահ մեր ժողովրդի: Ղեկավարները գալիս գնում են, իսկ ժողովուրդները մնում են». սա թուրքագետ Անահիտ Մկրտչյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տարբերակն է, որին նա հանգել է այս գործընթացին ի սկզբանե ուշի-ուշով հետեւելով: Ըստ թուրքագետի, հայկական կողմն այժմ պետք է արձանագրությունների վավերացման ժամկետ սահմանի, որը, նրա համոզմամբ, թուրքական կողմը խախտելու է՝ «իր սովորույթի համաձայն»: Իսկ հայ դիվանագիտական միտքն այնքան ճկուն պետք է գտնվի, որ դա օգտագործի ի շահ Հայաստանի՝ աշխարհին ցուցադրելով Թուրքիայի «իրական դեմքը»: Մեր զրուցակիցը զարմանում է՝ երբ թուրքական կողմն անընդհատ նախապայմանների լեզվով է խոսում, այդ թվում նաեւ հիշատակում է Կարսի պայմանագրի վերահաստատման մասին, ինչո՞ւ մեր քաղաքական գործիչներն ու պատկան այրերը Թուրքիային չեն հիշեցնում անցյալի դրվագները, մասնավորաբար, շահարկվող Կարսի պայմանագրի այն հատվածները, որոնք Թուրքիան խախտել է միակողմանի եւ անօրինաբար. «Մինչեւ 1924թ. Երեւանում գործել է Թուրքիայի դեսպանատուն, իսկ Գյումրիում՝ հյուպատոսարանը: Կարսում էլ Հայաստանն ուներ իր հյուպատոսարանը: Սակայն 1924թ. Թուրքիան դադարեցրեց հարաբերությունները: Այսպիսով, Կարսի պայմանագրի հիմնական դրույթներից մեկը Թուրքիան խախտեց: Կարսի պայմանագրի մեկ այլ դրույթով նախատեսվում էր, որ Թուրքիան չպետք է փակեր երկաթգիծը եւ պետք է հիմներ երկկողմ առեւտրային հարաբերություններ, բայց…»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է անկեղծ լինեն իրենց ժողովրդի հետ, այս գործընթացում ներգրավեն Սփյուռքին, նաեւ պետք է պետության ներսում առկա հարցերը լուծեն, որպեսզի իրենց իսկ ստանձնած այս ծանր գործից պատվով դուրս գան: «Այսօր Թուրքիայի առջեւ դրված հիմնական խնդիրը Հայոց ցեղասպանությունը «գիտակցելն» է: Իսկ ընդունել-չընդունելը՝ թող նրանց խղճի հարցը դառնա, սակայն պետք չէ քաղաքականացնել այդ ցավը: Ինչպես ասում են՝ մեր հիշողությունը արթուն զինվոր է, որը պատասխան է պահանջում չլուծված բոլոր հարցերի համար: Թուրքիայի արդար հատուցումը կլինի վերջ դնել իր վարած ժխտողական քաղաքականությանը»,- կարծում է թուրքագետը:
Ի դեպ, Անահիտ Մկրտչյանն առաջին հայն է, ով 2007-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մոմեր է վառել՝ եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունից հետո: Թե թուրքական, թե միջազգային լրատվամիջոցներն իրենց ռեպորտաժների «մեխը» հենց դա են դարձրել: Ինքը մշեցու եւ սասունցու ժառանգ է, ու թե ինչ էր զգում նա այդ պահին՝ «Ուրիշ զգացում է. հիմա էլ, որ պատմում եմ, փշաքաղվում եմ: Սկզբում չեմ հուզվել, ամեն ինչ ցանկանում էի կլանել, բայց հետդարձի ճանապարհին չդիմացա… հիվանդացա: Ժամանակն այնտեղ կանգ էր առել, այդ հողերը ոնց որ անտեր լինեին, անծայրածիր անապատի էր նման, ոչինչ արված չէր, երեւի մեր պապերը ոնց թողել էին՝ այդպես էլ մնացել էր: Այդ տարածքները հիմա քրդերով են բնակեցված, թուրք բնակչություն գրեթե չկա. հասկանո՞ւմ եք, իրենք կարծես մտավախություն են ունեցել ու չեն բնակեցրել: Այդ հողերն անպայման վերադարձնելու են: Հնարավոր է, մեր սերունդը դա չտեսնի, բայց այլ տարբերակ չկա»: Իսկ իբրեւ թուրքագետ՝ համոզված է, որ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումն էլ այլընտրանք չունի. «Չհակադրելով զգացմունքն ու տրամաբանությունը՝ Հայաստանի խաղաղ ու անվտանգ ապագան հարեւանների հետ հաշտ ու համերաշխ ապրելն է: Երկու ժողովուրդների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելը ժամանակի հրամայականն է»: Մեր զրուցակիցը կարծում է, որ իր վառած մոմերն ավելին արեցին, քան հայ եւ թուրք դիվանագետներն այս ընթացքում. «Սառույցը հալվեց, եւ այս տարի սեպտեմբերին արդեն մեր եկեղեցում պատարագ կմատուցվի, եւ ես գնալու եմ»: