Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի մեծամասնությունը «կրծքով պառկում է ռելսերի վրա»

Ապրիլ 20,2010 00:00

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ «Սլաք» ակումբում պնդեց, թե մեր իշխանությունների գործելակերպում հակասություններ է տեսնում. «Հակասություններ գործի եւ խոսքերի միջեւ: Հակասություններ նույնիսկ խոսքերի միջեւ: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ նախագահը խոսում հայկական Նյուրնբերգի մասին, գնում է Վուդրո Վիլսոնի գերեզմանին, կառավարությունը ստեղծում է Ցեղասպանության 95-ամյակի միջոցառման հատուկ հանձնաժողով, այն սկսում է աշխատանքը: Բայց միեւնույն ժամանակ, երբ հարց ենք առաջադրում նույն Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրը՝ հանրապետական տերմինաբանությամբ, հայտարարել հայրենատիրության օր, հանկարծ ընդդիմանում են»:
Նաեւ հավելեց, թե մինչ այսօր իշխանությունները շարունակում են խոսել առանց նախապայմանների հաշտության մասին. «Այնինչ այդ նախապայմանները թուրքական կողմը բազմիցս կոխել է նրանց աչքը: Հենց սկզբից դրանք կային, իսկ հիմա ավելի լկտի կերպով՝ արդեն Ղարաբաղն օգտագործելով, այդ մասին խոսում են թուրք պաշտոնյաները: Մերոնք դեռ շարունակում են ձեւ անել, կարծես թե այդ ամեն ինչը չեն նկատում»:
Վահան Հովհաննիսյանը եւս մի հակասություն մատնանշեց. «Մի կողմից խոսվում է ստորագրությունները հետ վերցնելու մասին, իսկ երբ կոնկրետ հարցը հասնում է մեր առաջարկած նախագծին՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում համարժեք փոփոխություն անելու վերաբերյալ, պառլամենտի քաղաքական մեծամասնությունը ուղղակի կրծքով պառկում է ռելսերի վրա եւ թույլ չի տալիս, որ այդ օրինագիծը դառնա օրենք: Այստեղ արդեն լուրջ հակասություն կա: Եվ նկատեք, որ այդպես էլ Հայաստանի ոչ մի պաշտոնյա չասաց մեզ՝ խելամիտ ժամկետը ե՞րբ է վերջանում, որքա՞ն է ընդհանրապես տեւում այդ խելամիտ ժամկետը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասուլիսում նաեւ խոսեց վերջերս Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի նիստի մասին, որին ներկա էր եղել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն. «Պատվիրակությունը լեցուն էր թուրքերով: Հասել էր այն լկտիության, որ իրենց կողմից բաժանված պաշտոնական փաստաթղթերում՝ պատվիրակության կազմի մեջ մի պերսոնաժ էր ֆիքսված, որի դիմաց գրված էր՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Նման պետություն չկա՛ եւ պատվիրակության կազմում ոչ մի կերպ լինել չէր կարող: Բայց Չավուշօղլուն դա արել էր, եւ ռուսները լռում էին: Թեեւ մենք, իհարկե, հարցը բարձրացրինք: Այս անգամ շատ ծանր բախումներ եղան հայկական՝ մի կողմից եւ մյուս կողմից՝ ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների միջեւ: Եվ ես չէի ասի, որ ռուսները մեր կողմն էին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել