ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պարզաբանումը ՀՀ արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ Յանեշ Լենարչիչի՝ իրենց զեկույցին հակասող հայտարարությունների վերաբերյալ:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչի ապրիլի 7-ի հանդիպման մասին արդարադատության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Դատավարությունների դիտարկում» զեկույցի առնչությամբ նշված էր. «Պարոն Գ. Դանիելյանի առաջարկով պարոն Յանեշ Լենարչիչը տվեց նաեւ որոշ պարզաբանումներ զեկույցի առանձին դրույթների առնչությամբ: Մասնավորապես, հստակ պարզաբանվեց «նոր անկախ քննչական մարմին» ստեղծելու վերաբերյալ դրույթը: Ըստ Յանեշ Լենարչիչի, զեկույցում ոչ թե ընդգծված է ինստիտուցիոնալ առումով նոր քննչական մարմին ստեղծելու, այլ այնպիսի ընթացակարգեր սահմանելու խնդիրը, որի դեպքում քննիչների կամ մինչդատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների եւ կասկածյալների, մեղադրյալների նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում անհապաղ եւ անվերապահորեն դառնա քննարկման առարկա հենց այդ քննչական մարմնում»:
Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում այս առնչությամբ հստակ նշված է. «Զեկույցի եզրահանգումներից բխում է լուրջ եւ արդյունավետ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Դրանք, նախ եւ առաջ, պետք է ուղղված լինեն ոստիկանների եւ քննիչների կողմից լիազորությունների չարաշահումների վերացմանը, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն կասկածյալների ու վկաների նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու յուրաքանչյուր դեպքի համար: Լրջորեն պետք է քննարկվի նմանատիպ միջադեպերի առնչությամբ անկախ քննություն իրականացնող հատուկ քննչական անկախ մարմին ստեղծելու հարցը»:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին հարց ուղղեցինք, թե արդյոք Յանեշ Լենարչիչն իրոք հանդիպման ընթացքում արե՞լ է զեկույցին հակասող նման պարզաբանում, թե՞ դա արդարադատության նախարարության մեկնաբանությունն է: Հարցն ուղղելիս նկատի էինք ունեցել նախադեպը, որ 2008-ի հուլիսին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ասուլիսում դժգոհեց իր եւ Գեւորգ Դանիելյանի հանդիպման վերաբերյալ արդարադատության նախարարի մեկնաբանություններից՝ պնդելով, թե ստույգ չի փոխանցվել իր փաստացի ասածի մի զգալի մասը:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակն ապրիլի 18-ին փոխանցեց ԺՀՄԻԳ-ից ստացած հետեւյալ պարզաբանումը մեր հարցադրման վերաբերյալ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը նախարար Դանիելյանի հետ իր հանդիպման ժամանակ շեշտել է ցանկացած նման քննչական մարմնի իսկապես անկախ լինելու եւ արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը: Այս առաջարկը կատարվել է ի պատասխան զեկույցի բացահայտման, որ ե՛ւ դատախազները, ե՛ւ դատավորները չեն արձագանքել ոստիկանության կողմից դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բողոքների մասին հայտարարություններին` չնայած ազգային օրենսդրությունն ու միջազգային օրենքը նրանց պարտադրում են պարտավորություն արձագանքելու:
Քննությունների անկախության եւ արդյունավետության սկզբունքները առանցքային են եւ ընդգծված են զեկույցում: Այս սկզբունքները հարգելու անհրաժեշտությունը նաեւ ընդգծվել է ԺՀՄԻԳ տնօրենի արձագանքում՝ ի պատասխան նախարարի տրամադրած տեղեկատվությանը՝ առկա հատուկ քննչական ծառայության վերաբերյալ»: