Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 61%-Ը ԴԺԳՈՀ Է ԻՐ ԿՅԱՆՔԻՑ

Ապրիլ 20,2010 00:00

\"\"Մեր երկիրն այս առումով երրորդ տեղում է հետխորհրդային տարածքի պետությունների շարքում: Ավելի շատ իրենց վարած կենսակերպից դժգոհ են Ուկրաինայում եւ Մոլդովայում:

«Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության https://www.eurasiamonitor.org կայքում վերջերս հրապարակվել են 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված «Հետխորհրդային տարածքի երկրների բնակչության սոցիալական տրամադրությունների դիտարկում» հետազոտության հիմնական արդյունքները: Նշենք, որ «Եվրասիական մոնիտոր» ծրագիրը պարբերաբար՝ 6 ամիսը մեկ, հարցումներ է անցկացնում հետխորհրդային  երկրներում միասնական հարցաշարով: Այս անգամ հետազոտությունն անցկացվել է 7 երկրներում:
Հայաստանում 1066 քաղաքացու ներկայացուցչական ընտրանքով հարցումներն իրականացրել է Մարքեթինգի հայկական ասոցիացիան, սակայն հարցաշարը կազմել եւ տվյալների վերլուծությունը կատարել է Մոսկվայի «Ցիրկոն» հետազոտական խումբը:
Ըստ այս հետազոտության՝ «ինչպե՞ս կգնահատեիք այժմ ձեր ընտանիքի նյութական դրությունը» հարցին՝ Հայաստանում 12%-ը պատասխանել է «լավ», 53%-ը պատասխանել է՝ «միջին», իսկ 35%-ը՝ «վատ»: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում 19%-ը պատասխանել է «լավ», 43%-ը՝ «միջին», եւ էլի 35%-ը՝ «վատ»: Ադրբեջանը երկրորդ տեղում է իր նյութական դրությունը լավ համարողների շարքում. ամենաբարձր ցուցանիշը Ղազախստանում է, որտեղ «լավ» պատասխանողները 20% են, «միջին»՝ 67%, իսկ «վատ» պատասխանն ընտրել է ընդամենը 12%-ը: Իրենց ընտանիքների նյութական վիճակն ավելի վատ են գնահատել Բելառուսում եւ Ուկրաինայում, որտեղ ընդամենը 6%-ն է ընտրել «լավ» պատասխանը: Ուկրաինայում հարցվածների 49%-ի գնահատականով՝ իրենց ընտանիքը վատ է ապրում, եւ այս բացասական ցուցանիշով այդ երկիրն առաջին տեղում է: Երկրորդ տեղում է Մոլդովան, որտեղ 47%-ն է իր ընտանիքին համարել ոչ բարեկեցիկ:
Հարցին՝ «Բավարարվա՞ծ եք այն կենսակերպով, որը վարում եք»՝ Հայաստանում դրական է պատասխանել 38%-ը, իսկ 61%-ը դժգոհել է իր կյանքից: Ադրբեջանում ցուցանիշները շատ քիչ են տարբերվում՝ 39%-ը գոհ է իր վարած կենսակերպից, 56%-ը՝ դժգոհ: Իրենց կյանքից ամենաշատը գոհ են էլի Ղազախստանում՝ 67%-ը, երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 58%: Ամենադժգոհն Ուկրաինայում են՝ 66%, իսկ երկրորդ տեղում Մոլդովան է՝ 63%:
Հարցին՝ «Ինչպե՞ս եք կարծում, մեկ տարի անց ձեր ընտանիքն ավելի լա՞վ կապրի, թե՞ ավելի վատ, քան այժմ»՝ Հայաստանում 20%-ը պատասխանել է, թե ավելի լավ կապրեն, 43%-ն արձագանքել է, թե կապրեն նույն կերպ, ինչ այժմ, իսկ 29%-ը համարել է, թե ավելի վատ կապրեն: Ադրբեջանում այս առումով լավատեսները շա՜տ ավելին են՝ 44%-ը համարում է, թե ավելի լավ են ապրելու, 30%-ը փոփոխություններ չի ակնկալում, եւ հոռետես է միայն 14%-ը: Ադրբեջանն իր այս ցուցանիշներով առաջինն է հետխորհրդային 7 պետությունների մեջ եւ անգամ գերազանցել է Ղազախստանին, որտեղ իրենց ապագայի նկատմամբ դրական սպասումներով է լեցուն 38%-ը, 37%-ը վստահ է, որ փոփոխություններ չեն լինի, իսկ հոռետեսական ակնկալիքներ ունի միայն 6%-ը: Իսկ Հայաստանից ավելի վատ այս առումով միայն Ուկրաինան է, որտեղ հարցվածների հազիվ 18%-ը հույսեր ունի, թե մի տարի անց ավելի լավ կապրեն: Ամենաբացասական ակնկալիքները Մոլդովայում են՝ 31%, որին էլի հաջորդում է Հայաստանը՝ վերոհիշյալ 29%-ով:
Հարցին՝ «Ինչպե՞ս կգնահատեիք այժմ ձեր երկրի տնտեսական դրությունը»՝ Հայաստանում միայն 5%-ն է պատասխանել «լավ»: Այս առումով էլի առաջին եռյակում ենք: Առաջին տեղում Ուկրաինան է՝ 1%-ով, երկրորդը՝ Մոլդովան՝ 3%-ով: Ադրբեջանն այս հարցման առաջատարն է՝ հարցվածների 49%-ն անգամ ճգնաժամի պայմաններում է իրենց երկրի տնտեսական վիճակը գնահատել «լավ»: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 20%, իսկ 68%-ը «միջին» է գնահատել երկրի տնտեսական վիճակը: Հայաստանում 34%-ն է գնահատել «միջին»: Ի դեպ՝ առաջին եռյակում ենք նաեւ բացասական գնահատականների առումով: Եթե Ուկրաինայում հարցվածների 83%-ն է «վատ» գնահատել իր երկրի տնտեսական վիճակը, Մոլդովայում՝ 73%-ը, Հայաստանում այդպես է պատասխանել 61%-ը: Ադրբեջանում այս ցուցանիշը 13% է:
Հետազոտությունն ընդգրկել է նաեւ իշխանության մարմիններին տրվող գնահատականները: Հայաստանում 47%-ը դրական է գնահատել նախագահի գործունեությունը, 41%-ը հավանություն է տվել կառավարության աշխատանքին, իսկ ԱԺ-ին, ըստ այս հարցման,  դրական է վերաբերվում 32%-ը: Ուշագրավ է, որ Ադրբեջանի վերաբերյալ այս առումով չկան տվյալներ: Ամենադրականն իրենց իշխանությանը վերաբերվում են Ղազախստանում, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է:
Հետազոտության մեջ նաեւ համադրված է, որ Հայաստանում սոցիալական լավատեսության ոչ այնքան բարձր՝ 20%-ի պայմաններում, բավական բարձր է նախագահի գործունեության նկատմամբ գնահատականը՝ 47%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել