Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ապրիլ 20,2010 00:00

Նա համաձայն չէ, որ անգործության է մատնված

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ոստիկանության ուժերի կողմից «Չերյոմուխա -7» հատուկ միջոցի կիրառման արդյունքում սպանված երեք քաղաքացիների՝ Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի հարազատների՝ որպես տուժողների իրավահաջորդների բողոքը ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության անգործության, գործողությունների եւ որոշումների դեմ բողոքի քննությունը: Բողոքի հեղինակները պահանջում են երեք քաղաքացիների սպանությունների բացահայտման համատեքստում ոչ իրավաչափ ճանաչել եւ վերացնել ՀՔԾ-ի անգործությունը: Զոհերի իրավահաջորդների բողոքը դատական առաջին նիստում ներկայացրել է նրանց լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ շեշտելով, որ ՀՔԾ-ն սպանությունների առիթով քրգործեր չի հարուցել:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն անցած ավելի քան երկու տարիների ընթացքում «ներդնելով» իր բոլոր «ջանքերը»՝ հաջողացրել էր միայն պարզել այն չորս ոստիկանների ինքնությունը, որոնք մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ հատուկ միջոց՝ «Չերյոմուխա -7» էին կիրառել: Այդ փաստի առնչությամբ նախաքննական մարմինը 2009թ. հուլիսին քրգործ էր հարուցել «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկանների նկատմամբ՝ ոչ թե սպանություն հոդվածով, այլ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի՝ «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը» հատկանիշներով: Նաեւ այդ որոշման դեմ են բողոքում զոհերի հարազատները: Բացի այդ, «Առավոտին» Ա. Զեյնալյանի փոխանցած տեղեկանքի համաձայն, ՀՔԾ-ն անգործություն է դրսեւորել, երբ դեպքի վայրի զննություն չի կատարել: Քննությամբ չի պարզվել, թե այդ հատուկ միջոցները պիտանի՞ են եղել օգտագործման համար, թե՞ ոչ: Ի վերջո, նախաքննական մարմինը չի պարզել, թե դեպքերի ժամանակ այդ հատուկ միջոցներ կիրառած անձանցից ով որտեղ է գտնվել եւ նրանցից որ մեկի կրակոցից կոնկրետ ով է սպանվել: ՀՔԾ-ն չի պարզել, թե հրամանատարներից ով կամ ովքեր են անօրինական հրաման տվել՝ կիրառել «Չերյոմուխա-7»-ը, ինչու են դրանք կիրառողները կատարել անօրինական հրամանները: Ըստ հատուկ միջոցների կիրառման կարգի, դրանք կիրառելուց առաջ ոստիկանական զորքերի հրամանատարությունը պարտավոր էր բարձրախոսներով զանգվածային միջոցառման մասնակիցներին զգուշացնել հատուկ միջոցների կիրառման մասին եւ ժամանակ տալ նրանց համապատասխան վերաբերմունք դրսեւորելու համար: Մինչդեռ ոստիկանության կողմից այդ կարգը չի պահպանվել, իսկ ՀՔԾ-ն էլ չի պարզել, թե ինչու: «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում զոհվածներից երկուսը վնասվածքը ստացել են գլխի հատվածում՝ մեկը՝ ճակատային, իսկ մյուսը՝ պարանոցային հատվածում, որը վկայում է, որ կրակոցները եղել են նշանառու: Նախաքննական մարմինը չի պարզել, թե ինչու եւ ինչ հանգամանքներում են կատարվել այդ նշանառու կրակոցները: Տուժողի իրավահաջորդներ ճանաչված անձինք պատշաճ կարգով չեն ծանոթացվել նախաքննության նյութերին, նրանց չեն տրամադրվել այն նյութերը, որոնք նախատեսված են օրենքով: Տուժողների իրավահաջորդներին տեղյակ չի պահվել ոստիկաններին առաջադրված մեղադրանքների մասին եւ նրանց չի տրամադրվել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ որոշումների օրինակները, որով խախտվել են օրենքը եւ նրանց իրավունքները՝ դառնալու քննության լիարժեք մասնակից, ներկայացնելու միջնորդություններ եւ բողոքներ: Նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդներին չի բացատրվել իրավաչափ կամ ոչ իրավաչափ միջամտության արդյունքում նրանց կրած վնասների հատուցում ստանալու իրավունքը, դրա իրականացման կարգն ու պայմանները, այդ կապակցությամբ գործուն աջակցություն չի ցուցաբերվել»,- իրենց բողոքում մատնանշել են զոհերի իրավահաջորդները:
Երեկ էլ դատախազության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հայտարարել է, թե՝ զոհերի հարազատները «գործի նյութերին ծանոթ» չեն, թե՝ ՀՔԾ-ն «օբյեկտիվ նախաքննություն է իրականացնում», բայց թե՝ ինչո՞ւ այդ «լայնածավալ» ու «տիտանական» աշխատանքը արդյունավետ չէ եւ գործը դատարան չի ուղարկվում, նա, բնականաբար, չի ասել: Նա դատարանին միջնորդել է մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Երեկ Ա. Զեյնալյանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է՝ դատախազության հակափաստարկներին ծանոթանալու ժամանակ ստանալու համար:
Իսկ մենք հիշեցնենք, որ «Մարտի 1»-ին «Չերյոմուխա -7» կոչված հատուկ միջոցը խաղաղ ցուցարարների եւ հատկապես զոհված երեք անձանց նկատմամբ կիրառել են թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը, Վարդան Սահակյանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լեւոն Հակոբյանն ու Ավետիք Աթաբեկյանը՝ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանի եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հրամաններով: Նրանցից որեւէ մեկը նույնիսկ համակարգից չի հեռացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել