ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ յոթերորդ
ԳՈՒՄԱՐԱԾ ՀՈՆՈՐԱՐԸ
Երբ հաջորդ դարակի պարունակությանն ու բովանդակությանը բախվեցի, Նինան ու բանաստեղծությունները մեկից հօդս ցնդեցին, եւ չնայած Սոկոլովի էդ ծրարների ու նամակների լինելիության մասին տեղյակ էի, դրանց անձամբ ու էդքան մոտիկից առնչվելը լրիվ ուրիշ բան էր, ու էդ սառը ցնցուղին չդիմանալով՝ վերստին Նինայի էդ բանաստեղծություններին վերադարձա, բայց, հիշում եմ, երկրորդ անգամ էդ բանաստեղծությունները կարդալով՝ արդեն որեւէ բան չէի ընկալում, էնքան որ՝ ուղեղս ամբողջովին Սոկոլովի էդ գրությունների տաղտուկով էր լցոնված ու ներծծված, եւ երկրորդ ընթերցմամբ Նինայի էդ բանաստեղծությունները չընկալելով՝ էդ նույն դարակից թուղթ ու գրիչ հանեցի եւ սկսեցի ինչ-որ տողեր գրել ու բավական ուշ նկատեցի, որ էդ խզբզոցներս ռուսերեն են, եւ անակնկալի գալով՝ կիսատ մնացած պատմվածքս հիշեցի. էդ կիսատ մնացած պատմվածքս Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի թաղային լիազոր Խունկիանոսի մասին էր, եւ Խունկիանոսի մասին հենց Սոկոլովի առիթով էի հիշել ու գրել եւ հիշելով ու գրելով՝ կիսատ թողել ու ահագին ժամանակ չէի շարունակում, եւ երբ ռուսերեն խզբզոցներս ճմռթելով աղբարկղը գցեցի, հանկարծ հասկացա, որ Խունկիանոսի մասին էդ սկսածս պատմվածքը Սոկոլովի էդ նամակների ձեւով ու ոճով պիտի շարունակեմ, եւ չնայած էդ սկսածս պատմվածքն իմ սենյակում էր, էդ սկիզբն անգիր հիշում էի ու հենց կիսատ թողած տեղից էլ շարունակեցի ու գրեցի. «Խունկիանոսի ամենափոքր թոռը՝ մեր ընկեր ու մեր դասարանցի Վարուժը, պատահում էր, իր պապի գրություններից թռցնում բերում էր, ու մենք՝ այբբենարանն արդեն անցած ու ավարտած, Խունկիանոսի էդ գրածները կարդում ու իմանում էինք. օրինակ, Օհան բիձու մասին նրա գրածն էսպիսի բովանդակություն ուներ. «Սույնով ուզում եմ ձեզ հայտնած լինել, որ Հակոբ Հակոբյան համար վեցի բնակիչ Օհանը՝ նույն ինքը Սրապիոնյան Հովանես, գրբացի թաքուն մասնագիտություն ունի, ու ինքը տան մեջ պահած ավետարան էլ ունի ու էդ ավետարանը մինչեւ անգամ պիոներական տարիքի թոռներին էլ է պատմում ու կարդալ տալիս, չնայած ինքը մեր հետ բանավոր խոսակցություններում էլ է կյանքի մասին տեսակետ հայտնել, այսինքն, ուզում եմ ասեմ, փաստեր կան, օրինակի համար, ինքը մի անգամ պոյեզի գծի աղբրի մոտ վկայի ներկայությամբ ինձ ասեց, Խունկիանոս, ասեց, էս կյանքը չիմանաս թե էսպես գրելով բարեհաջող վերջացնելու ես, էս կյանքից հետո, ասեց, իսկականը նոր պիտի սկսվի, ու ես ու դու, Խունկիանոս, էնտեղ էլ պիտի ապրենք ու մեր կատարած վատությունների վարձը տանք, բայց էնտեղ, ասեց, ես ու դու տարբեր պայմաններում ենք ապրելու, էնպես որ, ասեց, զգուշ կաց: Ես Օհանի ասածներն բառեբառ եմ հայտնում ինձնից ոչ մի բառ չավելացնելով, լսող վկան համար տասի բնակիչ Գերաս, նույն ինքը Մնացականյան Գերասիմ, եթե պահանջեք, ինքը կհաստատի էս լրիվ ասածներս: Ես էս բոլորն նրա համար չեմ ձեզ հայտնի դարձնում, որ Օհանն էնտեղի հնարովի կյանքով ինձ մի գլուխ հաթաթա է տալի, այլ սույնով ուզում եմ ձեզ հայտնեմ հիշեցնելով, որ սերունդների դաստիրակության հարց կա: Թաղային կոմիտեյի լիազոր նախագա Հարությունյան Խունկիանոս»:
Խունկիանոսն, ի տարբերություն Սոկոլովի, ոչ թե գրամեքենայով էր իր էդ գրությունները գրում, այլ՝ քիմիական մատիտով, եւ լիքը սեւ կապիրովկաներ ուներ ու դրանց միջոցով իր գրած մեկը երկու դարձնելով՝ մի օրինակն իր մոտ էր պահում, ու մենք Խունկիանոսի էդ գրություններն իր ամենափոքր թոռան՝ Վարուժի միջոցով կարդում ու իմանում էինք, ու էդ օրերը Խունկիանոսի մայրամուտի օրերն էին, որովհետեւ արդեն վաթսունականների սկիզբն էր, եւ Խունկիանոսի հասցեատերերն արդեն Խունկիանոսի գրությունները կարդալու զահլա չունեին, եւ Սոկոլովի պես Խունկիանոսն էլ չէր ենթադրում, որ իր գրածներն արդեն կարդացող չկա, բայց, ի տարբերություն Սոկոլովի, Խունկիանոսը ոչ թե մեկի դեմ էր սեւեռված գրում, այլ՝ շատերի դեմ, ու ես Խունկիանոսի գրություններից եւս մեկը հիշելով՝ Նինայի թղթին Նինայի գրիչով գրեցի. «Սույնով ուզում եմ հայտնած լինել, որ Հակոբ Հակոբյան համար քսանի բնակիչ Վահրամը, նույն ինքը Հոգտանյան Վահրամ, իրանց բաղչի աջ կողմում ապօրենի զուգարան, ոտաց ճանապար է ուրեմն սարքում, նույն տեղի հին արտաքնոցը քանդել ու նորը կասկածելի քարուավազից արդեն շարում են, արդեն սկսել են ու հարեւանության մեջ էլ ասել ու տարածել են, որ նորը նստատեղով ու ջուրը թելով քաշովի պիտի արվի: Շինարարության ապօրենի լինելն հարուր տոկոսով եմ երաշխավորում ու քարուավազի ապօրենի լինելն էլ եմ հարուր տոկոսով երաշխավորում, որովհետեւ երբ որ իրանց հարց տվի, թե քարուավազը որտեղի՞ց, Վահրամի մեծ որդի Վազգենն ինձ վկայի ներկայությամբ հայհոյելով ասեց՝ էլի քիթդ խոթեցի՞ր, շան որդի: Վազգենի հայհոյանքն բառեբառ եմ ձեզ հայտնում ինձնից ոչ մի բառ չավելացնելով, լսող վկան համար տասի բնակիչ Գերաս, նույն ինքը Մնացականյան Գերասիմ, եթե պահանջեք, ինքը կհաստատի ասածներս: Ես էս բոլորը նրա համար չեմ ձեզ հայտնի դարձնում, որ Վազգենն ինձ հայհոյելով անպատվեց, այլ սույնով ուզում եմ հայտնած լինել հիշեցնելով, որ հավասարության հարց կա: Ձեզ միշտ հավատարիմ թաղային կոմիտեյի լիազոր նախագա Հարությունյան Խունկիանոս»:
Ի տարբերություն մեր կուրսի ավագ Եմելյան Սոկոլովի, Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի թաղային լիազոր Հարությունյան Խունկիանոսը տառասխալներով էր գրում, եւ, ինչքան էլ տարօրինակ է, Խունկիանոսի գրածներն ավելի լավ եմ հիշում, քան՝ Սոկոլովինը, եւ երբ արդեն տրամադրվել էի Սենիկ Ախպարին վերաբերող գրությանն անցնել, հանկարծ դուռը բանալիով բացվեց, եւ դռան մեջ շողշողաց Նինան, եւ երբ նայեցի ժամացույցին՝ հինգն անց էր, եւ միջանցքից համակուրսեցիներիս ձայներն էին լսվում, ու ժամացույցն էլ էր վկայում, որ մեր դասերը վաղուց ավարտվել են, եւ Նինան սողնակը գցելով՝ հարձակվեց վրաս ու սկսեց ագահաբար համբուրել ինձ, եւ ես չափազանց ուրախ էի իր էդ հանկարծակի հայտնության համար, եւ Նինան երջանիկ ժպտալով ասաց՝ «չես պատկերացնի՝ էսօր ինչ հաջող օր ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «հատկապես քեզ համար», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էրեկ ավելի հաջող օր էր», եւ Նինան ինձ ինչ-որ թուղթ տալով ասաց՝ «էսօր էլ պակաս հաջող չի», եւ ես թուղթն ուսումնասիրելով՝ հասկացա, որ մեր հանրակացարանի մոտի փոստից հարյուր վաթսուն ռուբլի ստանալիք ունեմ եւ Նինային համբուրելով հարցրի՝ «էս որտեղի՞ց», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ներքեւը՝ պահակի մոտ փոստն էի տնտղում, մեկ էլ էս փոխանցումդ աչքովս ընկավ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էս փոստից մի անգամ էլ եմ փող ստացել», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «էսքան փողն ի՞նչ պիտի անես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «նախ պիտի ստանամ» եւ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «մինչեւ քանի՞սն են աշխատում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարծեմ՝ մինչեւ յոթը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էս ժամերին միշտ մեծ հերթ ա լինում», ու էդ պահին, հիշում եմ, հինգն անց էր, եւ ես Նինային ասացի՝ «վազեմ ստանամ, հետո կմտածենք՝ ինչ անենք» եւ սենյակից դուրս թռա, եւ իմ բախտից՝ միջանցքում մերոնցից ոչ ոք չկար, եւ երբ մտա իմ սենյակ, հիշում եմ, իմ սենյակում ահավոր ցուրտ էր, ու վերարկուս հագնելով՝ դուրս թռա եւ մի քանի րոպեից արդեն փոստային բաժանմունքում էի, ու էդ օրն իսկապես չափազանց հաջող օր էր, որովհետեւ ոչ մի հերթ էլ չկար, եւ անմիջապես փողս ստանալով՝ սուրացի հանրակացարան, եւ իմ բախտից՝ մերոնք էլի միջանցքում չէին, եւ առանց իմ սենյակ մտնելու՝ էդպես վերարկուով մտա Նինայի մոտ, եւ Նինան ինձ տեսնելով՝ զարմացած հարցրեց՝ «էս նոր ե՞ս գնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ էիր ասում», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչն էի ճիշտ ասում», եւ ես ասացի՝ «ճիշտ էիր ասում, որ էսօր հաջող օր ա» եւ ստացածս տասնվեց հատ տասանոցները սեղանին լցնելով ասացի՝ «շատ հաջող օր ա», եւ Նինան ինձ հարցրեց՝ «էս փողը տնից ե՞ն ուղարկել», եւ ես ասացի՝ «չէ. հոնորար ա», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ հոնորար», եւ ես ասացի՝ «բանաստեղծություններս ամսագրում տպագրել են», եւ Նինան հարցրեց՝ «էդ ի՞նչ ամսագիր ա, որ էսքան մեծ հոնորար ա տալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտն ասած, հարյուր ռուբլուց ավել չէի սպասում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «փաստորեն, իսկական բանաստեղծ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ամենաշատը հարյուր ռուբլու հույս ունեի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի մտածել են, որ օտարության մեջ փողի կարիքն ավելի ա զգացվում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «երեւի գլխի են ընկել, որ միասին ենք ծախսելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձերոնք չգիտեմ, բայց Սոկոլովը հաստատ գլխի ա ընկել», եւ ես հարցրի՝ «ինքն ասե՞ց», եւ Նինան ասաց՝ «տրոլեյբուսում խորամանկ ժպտում էր», եւ ես հարցրի՝ «գնալո՞ւց, թե՞ գալուց», եւ Նինան ասաց՝ «գնալուց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչ-որ անկապ հարցեր էր տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «վերջում էլ ինձ համար տոմս ստացավ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ արդեն շատ ուժեղ նորություն ա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ոչ մի անգամ էդպիսի բան չէր արել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «երեւի ինքն էլ ա հոնորար ստացել», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «անոնիմկաների համա՞ր», եւ Նինան լրջանալով ասաց՝ «ինքը երբեք անոնիմկաներ չի գրել. ինքը միշտ էլ էդ նամակների տակ ստորագրությունը դրել ա», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինքն ա ասել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ անկապ հարցեր էր տալիս», եւ ես հարցրի՝ «տրոլեյբուսո՞ւմ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «բուֆետում» եւ ժպտալով ավելացրեց՝ «հարցնում էր՝ ինչի՞ Շեկոյանը դասի չի էկել», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ պատասխանեցիր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ասեցի՝ ես ոչ թե Շեկոյանի քարտուղարուհին եմ, այլ՝ Պիմենովի» եւ ժպտալով հարցրեց՝ «ճիշտ չեմ ասե՞լ», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ճիշտ ես ասել», եւ Նինան ցելոֆանե տոպրակից ինչ-որ տուփ հանելով ասաց՝ «քարտուղարուհիդ չեմ, բայց ուտելիքդ ապահովում եմ», եւ ես հարցրի՝ «էդ ի՞նչ ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «քաղցրավենիք» եւ ժպտալով ավելացրեց՝ «նրբերշիկ էլ եմ առել», եւ ես Նինայի տոպրակին նայելով ասացի՝ «հաց էլ ես առել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «նրբերշիկը սովորաբար հացով են ուտում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «փաստորեն, քարտուղարուհիս ես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդպես ա ստացվում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բան չես կերել, չէ՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքն իրեն պատասխանելով ասաց՝ «ի՞նչ պիտի ուտեիր. սառնարանը դատարկ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ սենյակում ուտելու բան կա, բայց ալարեցի գնամ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «արդեն էս սենյակին ես վարժվել», եւ ես ասացի՝ «նոր որ իմ սենյակ մտա, ահավոր սառնամանիք էր» եւ Նինային համբուրելով ավելացրի՝ «էս սենյակը քո ներկայության շնորհիվ ա էսքան տաք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շա՜տ բանաստեղծական տղա ես» եւ ժպտալով ավելացրեց՝ «իզուր չեն քեզ էդքան շատ հոնորար ուղարկել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «իմ բացակայության ժամանակ սենյակս ցրտել է՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ. շատ տաք էր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, ինքդ քեզ հակասում ես», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ հակասում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ստացվում ա, որ իմ բացակայության ընթացքում էլ ա էս սենյակում տաք եղել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու ոչ մի վայրկյան էս սենյակից չես բացակայել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց չեմ բացակայել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էս ամբողջ ժամանակ մտքիս մեջ ես էղել» եւ նորից համբուրելով ավելացրի՝ «համ էլ՝ հոգուս մեջ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շա՜տ լիրիկական հնդեվրոպացի ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու ավելի մեծ հոնորարի ես արժանի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց շա՜տ անկուլտուրական ես», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ինչի՞ եմ անկուլտուրական», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «համբուրվելիս պիտի վերարկուդ հանես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «չեմ էլ հանելու», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «կարող ա՞ տեղ ունես գնալու», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞ւր ես գնալու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ռեստորան», եւ Նինան ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ հետ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «Պիմենովի քարտուղարուհու հետ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «իսկ Պիմենովի քարտուղարուհին համաձա՞յն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ռեստորան գնալու համար համաձայնություն հարկավոր չի», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա հարկավոր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «փող» եւ Նինային համբուրելով ու սեղանին թափթփված տասանոցները ցույց տալով ավելացրի՝ «էսքանը լրիվ հերիք ա», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «Պիմենովի քարտուղարուհու հետ ո՞ր ռեստորանն եք գնալու», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որը որ ինքը կուզի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի ՃԺխ-ի ռեստորան գնանք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարծում եմ՝ Պիմենովի քարտուղարուհին կհամաձայնվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած… էնտեղ նրան բոլորը ճանաչում են», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ո՞վ ա ճանաչում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ալկաշ գրողները», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ալկաշները հիմնականում էնտեղի կաֆեում են խմում. մենք ռեստորան ենք գնալու», եւ Նինան ինձ համբուրելով ու վերարկուս հանելով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես զարմացած հարցրի՝ «բա վերարկո՞ւս խի ես հանում», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «հնդեվրոպացիք վերարկուով ե՞ն անկողին մտնում», եւ ես հարցրի՝ «բա ռեստորան չենք գնո՞ւմ», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «ռեստորանը չի փախչի» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «էնպես որ՝ ստիպված ես կոշիկներդ էլ հանել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ստիպում ես, կհանեմ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «որ անկողինը հավաքած լինեիր, չէի ստիպի» եւ ինձ գրկելով ավելացրեց՝ «էս չհավաքած անկողինն ավելի գայթակղիչ ա, քան նույնիսկ՝ ռեստորանը», եւ ես Նինայի շորերն ու շալվարը մեկիկ-մեկիկ հանելով ասացի՝ «բայց ռեստորանն էլ իրա տեղն ունի», եւ Նինան հանկարծակի գրկիցս պոկվելով ճչաց՝ «դուռը բա՜ց ենք թողել» եւ սողնակը գցելով ասաց՝ «էնքան ռեստորանի գաղափարով գայթակղվեցինք, որ մոռացանք դուռը փակենք» եւ անկողին վերադառնալով՝ սկսեց ագահաբար համբուրել ինձ, եւ ես ագահաբար մի քանի ժամվա կարոտս իրենից առա, եւ չնայած մեր ասածներն ու արածները հիմնականում կրկնություն էին, էդ կրկնությունները, կարելի է ասել, հրաշքից չէին տարբերվում, եւ էդ հրաշալի կրկնությունից հետո հագնվելով՝ պայմանավորվեցինք, որ նախ ե՛ս կիջնեմ ու իրեն կսպասեմ փոստի կանգառում, եւ հետո նոր՝ մի քանի րոպե անց ինքը կիջնի, որպեսզի սենյակից ու շենքից մեր միասին դուրս գալն ինձ ու մանավանդ իրեն ճանաչողները չտեսնեն, եւ, հիշում եմ, փոստի կանգառում բավական երկար սպասեցի ու տաքսուն էլ ահագին սպասեցնել տվի, եւ, հիշում եմ, արդեն սկսել էի կասկածել, թե՝ Նինան երբեւէ կգա, եւ երբ ժպտալով ու շողշողալով հայտնվեց ու էդ մութ տարածքն ամբողջովին լուսավորեց, ես արդեն հույսս լրիվ կտրել էի, եւ երբ տաքսու դուռը բացելով իրեն ներս հրավիրեցի, ինքը զարմացած հարցրեց՝ «տրոլեյբուսով չենք գնալո՞ւ», եւ ես նեղսրտելով ասացի՝ «մի ժամ դու ուշացրիր, մի ժամ էլ տրոլեյբուսը պիտի ուշացնի», եւ Նինան մեքենան նստելով ասաց՝ «էնպիսի տոնով ես հետս խոսում, կարծես իսկապես քարտուղարուհիդ եմ», եւ ես Նինայի կողքին տեղավորվելով՝ վարորդին ասացի՝ «ՃԺխ ենք գնում», եւ վարորդը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ՃԺխ», եւ Նինան ասաց՝ «Ցենտրալնիյ դոմ լիտերատորով», եւ վարորդը մի քիչ մտածեց ու շրջվելով հարցրեց՝ «էդ Վորովսկու փողոցի վրա չի՞», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ճիշտ այդպես», եւ վարորդը ժպտալով ասաց՝ «գնացինք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «գնացինք», եւ վարորդը նորից շրջվեց ու ժպտալով ասաց՝ «կարող եք ձեզ ազատ զգալ», եւ դա էն ժամանակների մոսկովյան տաքսիստների լեզվով նշանակում էր՝ «երկուսուկեսի փոխարեն՝ ընդամենը երեք ռուբլի», եւ Նինան ժպտալով տաքսիստին ասաց՝ «շնորհակալություն ուշադրության համար», եւ ես Նինային համբուրելով շշնջացի՝ «շատ ես խոսում», եւ արդեն մութ էր, եւ մանավանդ տաքսու սալոնում էր մութ, ու երեւի վարորդը դիտմամբ սալոնի լույսը չէր վառում, որ մեզ ազատ զգանք, եւ Նինան ականջս համբուրելով՝ ականջիս շշնջաց՝ «իմ խոսելուց վնաս չկա. քո խոսելն ա վնաս», եւ ես զարմացած հարցրի՝ «իմ խոսե՞լն ինչով ա վնաս», եւ Նինան ականջս համբուրելով ականջիս շշնջաց՝ «հնդեվրոպական ակցենտիդ համար մի ռուբլի էլ կավելացնի», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հաշվիչով էրկու ռուբլուց մի քիչ ա ավել բռնում», եւ Նինան շշնջաց՝ «համբուրվելու համար մինիմում երեք են տալիս», եւ ես Նինային համբուրելով շշնջացի՝ «լավ էլ գները գիտես», եւ Նինան ինձ համբուրելով շշնջաց՝ «ուրիշներից եմ լսել» եւ նորից ինձ համբուրելով ավելացրեց՝ «չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տաքսի նստել», եւ բավական ժամանակ լուռ էինք, եւ Նինան շշնջալով հարցրեց՝ «ինչի՞ էիր քիթդ կախել», եւ ես շշնջալով ասացի՝ «արդեն հույսս կտրել էի», եւ Նինան շշնջալով հարցրեց՝ «ինչի՞ց էիր հույսդ կտրել», եւ ես շշնջալով ասացի՝ «արդեն մտածում էի՝ չես գա», եւ Նինան շշնջալով հարցրեց՝ «շատ ուշացա՞», եւ ես շշնջալով ասացի՝ «արդեն հույսս կտրել էի», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «եթե չուշանայի, խայտառակ էինք լինելու», եւ ես շշնջալով հարցրի՝ «ինչի՞ համար», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էս ինչի՞ ինձ չես համբուրում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ ա՝ արդեն համբուրել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մեկ ա՝ արդեն երեք ռուբլի ես վճարելու», եւ ես շշնջալով ասացի՝ «կամաց հռհռա», եւ Նինան ավելի բարձր ծիծաղելով ասաց՝ «մի՛ վախեցի. հռհռալու համար վրադիր չեն վերցնում», եւ ես ասացի՝ «բայց որ հիմի շալվարդ հանեմ, կարող ա տասից էլ ավել վերցնի», եւ Նինան ինձ հրելով ասաց՝ «էնքան անուշադիր ես, որ նույնիսկ չես էլ նկատել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չեմ նկատել», եւ Նինան նեղացած ասաց՝ «չես էլ նկատել, որ հագիս շալվար չկա. շոր եմ հագել», եւ ես Նինայի ազդրերը շոշափելով ասացի՝ «մութ էր. չեմ նկատել», եւ Նինան ինձ հրելով ասաց՝ «ձեռքերդ քեզ քաշի, թե չէ՝ փողդ չի հերիքի», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «լիքը փող ունեմ», եւ Նինան հարցրեց՝ «ինչքա՞ն ունես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հարյուր վաթսունհինգ», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «էդ հի՞նգը որտեղից», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հինգ մոտս կար, գումարած՝ հոնորարը», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «եթե չուշանայի, ընդամենը էդ հինգն էիր ունենալու», եւ ես զարմացած ասացի՝ «չհասկացա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ամենավերջին պահին նկատեցի, որ տասանոցներդ սեղանին թափված ես թողել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «խայտառակ էինք ըլնելու», եւ Նինան տասանոցները վերարկուի գրպանից հանելով ու վերարկուիս գրպանը խցկելով ասաց՝ «ա՛ռ. փողերիդ տիրություն արա», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «կարող ա՞ քո գրպանից փախնեին», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «իմ գրպանում հուսալի չէր», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «խի՞ հուսալի չէր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «կարող ա ճանապարհին լրիվ ծախսեի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր ճանապարհին», եւ Նինան ինձ գրկելով՝ բավական երկար համբուրեց ու բավական երկար համբուրելուց հետո ասաց՝ «կարող ա վերջում էդ ամբողջ փողը վարորդին տայի» եւ նորից ինձ համբուրելով ավելացրեց՝ «էսքան համբուրվելու դիմաց հարյուր վաթսունն էլ ա երեւի քիչ», եւ, իհարկե, Նինայի ասածը վարորդը չլսեց, որովհետեւ, բնականաբար, ես ու Նինան շշնջալով էինք էդ ամենն իրար ասում, եւ երբ արդեն Գրողների տան մոտ վարորդը մեքենան կանգնեցրեց ու սալոնի լույսը վառեց, ես շալվարիս գրպանից երեքանոցս հանելով ու վարորդին տալով ասացի՝ «շնորհակալություն», եւ դա պասաժիրների ու մանավանդ կովկասցի պասաժիրների լեզվով նշանակում էր՝ մանրը պետք չի, եւ վարորդը երեքանոցս վերցնելով ասաց՝ «շնորհակալություն», եւ էն թվերի մոսկովյան տաքսիստների լեզվով դա նշանակում էր՝ «հասկացա, որ մանրը պետք չի», եւ երբ ես ու Նինան ՃԺխ-ի դռնից ներս մտանք, եւ երբ դռնապանը հարցրեց՝ «ո՞ւր եք գնում», ես պիջակիս ծոցագրպանից Գրողների միության անդամատոմսս հանելով ու ցույց տալով ասացի՝ «ռեստորան», եւ դռնապանն ինձ ժպտալով հարցրեց՝ «աղջիկը ձեզ հե՞տ է», եւ ես ժպտալով հարցրի՝ «չի երեւո՞ւմ», եւ դռնապանը ժպտալով ասաց՝ «շատ համապատասխան զույգ եք» եւ ժպտալով ավելացրեց՝ «ձեզ ճանաչում եմ, բայց աղջկան առաջին անգամ եմ տեսնում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «սրանից հետո հաճախ կտեսնեք»: