Բաղէշի (Բիթլիս) նահանգ, Էրուհ գավառ
Էրուհի շրջանը ընկած է Սղերդ, Շըրնակ, Փերվարի, Գյուչլուքոնաք գավառների միջեւ:
Շրջանը լեռնային է: Բարձրադիր լեռներն իրարից անջատվում են Տիգրիս թափվող վտակներով: Էրուհը ոչ միայն գեղեցիկ բնակավայր է, այլեւ արոտավայրերով հարուստ բնակատեղի, որի պատճառով էլ, սկսած 7-րդ դարից, այստեղ են տեղափոխվել քրդեր, եզդիներ, թուրք-սելջուկներ: 7-րդ դարում, երբ այն անցավ արաբական խալիֆայության գերիշխանության ներքո, տեղի քրիստոնյա բնակչությունը ստիպված Էրուհը լքեց, այն զիջելով բնակություն հաստատած ոչխարաբույծ քրդերին ու եզդիներին:
Այս գավառի մասին պատմական տեղեկությունները խիստ աղքատ են: Հայտնի է միայն, որ ուրարտական շրջանում այն թագավորության մաս է կազմել, ապա գրավվել տարբեր ժամանակներում կազմավորված գերտերությունների կողմից: 7-րդ դարում այս գավառը տնօրինել են արաբ ամիրաները եւ հայ արքայական ընտանիքները: Արդեն 12-րդ դարում Անատոլիայի սելջուկները նվաճում են այս տարածքը, իսկ 1514 թ. Չալդըրանի պատերազմից հետո այն գրավվում եւ միացվում է Օսմանյան կայսրությանը: Օսմանյան շրջանում Էրուհը, 1872 թ. Սալնամեի համաձայն, Սղերդին միացված չորս գավառակներից մեկն է համարվել: Այսօր եւս Էրուհը դիտվում է որպես այդպիսին:
Այս շրջանում ուրարտական թագավորությունից ի վեր հայերը ունեցել են բնակավայրեր, որոնք, սակայն, քրդերի, թուրքերի եւ այլ քոչվորների պատճառով աստիճանաբար դատարկվել են:
1890թ. մարդահամարի տվյալներով, Էրուհի շրջանում է ապրել 5113 հայեր: 1914թ. Հայոց պատրիարքարանի կողմից իրականացված մարդահամարը ցույց է տալիս, որ հայերի թիվը կտրուկ նվազել է եւ կազմում է 3393 անձ՝ 377 տուն: Հարկ է նկատել նաեւ, որ կայսրության կողմից հրապարակված մարդահամարի տվյալները նվազեցվում էին, նույնիսկ զրոյացնելու աստիճան, որի նպատակը ձուլման քաղաքականությունն էր:
Տեղի հայ բնակչությունը, որը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բնակություն էր հաստատել Էրուհի 22 գյուղերում: Հայերն այս շրջանում ունեին 4 եկեղեցի եւ երկու հայկական դպրոց՝ 120 աշակերտով: Բիթլիսի (Էրուհ) հայկական բնակչության վարչական կենտրոն էր Սղերդի գավառի Տեհ գյուղը, որտեղ բնակվում էր շրջանի հայերի մեծամասնությունը՝ 2412 հայ, 268 տուն:
Տեհում էին գտնվում նաեւ հայկական Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Հարություն եկեղեցիները (որոշ աղբյուրներում՝ նաեւ Ս. Հովհաննես), ինչպես նաեւ այստեղ կար մեկ հայկական դպրոց, որն ուներ 95 աշակերտ:
Շրջանի մյուս՝ հայերով բնակեցված գյուղերը հետեւյալներն են. Թանչե- 27 հայ՝ 3 տուն, Քյուղ-18 հայ՝ 2 տուն, Գիրդարե- 16 հայ՝ 2 տուն, Իքաքա- 29 հայ՝ 3 տուն, Լիրդե- 45 հայ՝ 5 տուն, Գովեշեր- 47 հայ՝ 5 տուն, Գենա- 25 հայ՝ 3 տուն, Այն (Անիթի)- 19 հայ՝ 2 տուն, Շեխթորն- 7 հայ՝ 1 տուն, Ահալի- 26 հայ՝ 3 տուն, Ֆընդըք- 225 հայ՝ 25 տուն, Բերեվանա- 46 հայ՝ 5 տուն, Շավիա- 44 հայ՝ 5 տուն, Գենադ (Ջենեթ)- 45 հայ՝ 5 տուն, Սավադի- 90 հայ՝ 10 տուն, Շեյխան- 45 հայ՝ 5 տուն, Սերա-Ֆուքանե (Սերաքավանի)- 53 հայ՝ 6 տուն, Սերա-Թեյթենի- 45 հայ՝ 5 տուն, Մեյդանա-Օլիան- 47 հայ՝ 5 տուն, Դեշթա-Լելա- 88 հայ՝ 10 տուն, Շըրնաք- 364 հայ՝ 40 տուն, մեկ դպրոց՝ 25 աշակերտ, Դեմեչին (Միջին)- 122 հայ՝ 14 տուն, Դեհրեբեն- 225 հայ՝ 25 տուն, Ռավանգան- 361 հայ՝ 40 տուն, Ավիրաան (Հավս)- 35 հայ՝ 4 տուն, Մահրե (Մեռ)- 72 հայ՝ 8 տուն:
Այս եւ նմանօրինակ խուլ շրջանների հայության ոչնչացումը առավել հեշտ էր թուրքերի համար: Այն գյուղերում, որտեղ հայերը 2,3 ընտանիք էին կազմում, նրանք պատմության ընթացքում անհետացան, ձուլվեցին, սպանվեցին: Ի՞նչ եղան այս անմեղ հողագործները: Պատմությունը լուռ է: Ոչ մի անդրադարձ…
(շարունակելի)