Ժամանակակից մարդը որպեսզի որոշ չափով շփվի բնության հետ, աշխատում է այդ բացը լրացնել՝ տանն աճեցնելով տարբեր բույսեր, խնամելով թռչուններ, ակվարիումային ձկներ, գազանիկներ (սպիտակ մկներ, սկյուռներ), շներ ու կատուներ:
Մեծ է այդ գործով զբաղվելու հոգեբանական եւ սոցիալական նշանակությունը: Մարդիկ հանգստանում են ամենօրյա սթրեսներից, հոգնածությունից, հոգեբանական վախից (հատկապես մեր օրերում):
Հաճախ շունը, փիսիկը կամ թռչնակը դառնում են միակ «բարեկամը» ծեր եւ միայնակ մարդու համար: Նա իր մնացած բարությունը, սերը, ուշադրությունը եւ քնքշանքը տալիս է հենց այդ կենդանի արարածներին: Մշտական կապը կենդանիների հետ երեխաներին դարձնում է բարի, ուշադիր, պատասխանատու:
Երեխան, որը խնամում է որեւէ կենդանու, դժվար թե քանդի թռչնի բույնը, կոտրի ծառի ճյուղը կամ էլ տանջի կատվին: Երեխայի մեջ հետաքրքրություն է առաջանում ուսումնասիրել տվյալ կենդանուն, բույսին, կարդալ նրանց մասին տարբեր գրականություն: