Քունը մինչեւ կեսգիշեր առողջարար է օրգանիզմի համար եւ ունի վերականգնողական մեծ ուժ: Ապացուցված է նաեւ, որ քնի ժամանակ մենք աճում ենք (հատկապես երեխաները): Խոր քնի առաջին փուլում արյան մեջ աճի հորմոնի մակարդակն առավելագույնի է հասնում: Տղամարդկանց 31%-ը եւ կանանց 19%-ը ամեն գիշեր խռմփացնում են: Քնի խանգարումներն ավելի շատ հանդիպում են կանանց մոտ, քան տղամարդկանց: Խռմփացնելու ժամանակ աղմուկի մակարդակը կարող է հասնել մոտ 80 դեցիբելի, որը հավասարազոր է հորատիչ մուրճի աղմուկին: Լիովին տրամաբանական է, որ մենք քնում ենք գիշերը: Այդպես է արել նաեւ նախնադարյան մարդը, քնել է անմիջապես մթնելուց հետո: Լրիվ մեկուսացման պայմաններում, երբ մարդը ոչ մի տեղեկատվություն չունի օրվա ժամանակի մասին, նա պառկում է քնելու 1 ժամ ուշ, քան նախօրյակին: 25 օրից հետո փորձին ենթարկվող մարդը գտնում է, որ անցել է 24 օր:
Եթե փորձերը երկարացվեն էլի մի քանի շաբաթ, ապա արթուն մնալու ժամանակը 17 ժամից կհասնի 34-ի, իսկ քնի ժամանակը՝ 8-ից 18 ժամի: Այսինքն՝ «սուբյեկտիվ» օրը 25 ժամից կդառնա 50 ժամ՝ արթուն լինելու եւ քնի նույն հարաբերակցությամբ: Եվ մարդը նորից չի նկատի դա: Մարդը, ճանապարհորդելով արեւելքից արեւմուտք, մի քանի օր արթնանում է շատ վաղ, իսկ օրվա կեսին խիստ հոգնում է:
Արեւմուտքից արեւելք ճանապարհորդելիս՝ նրա համար դժվար է լինում քնել գիշերը: Մարդկանց մեծ մասը գտնում է, որ ավելի հաճելի է ճանապարհորդել արեւելքից արեւմուտք, քան հակառակը: Դա կապված է այն բանի հետ, որ առաջին դեպքում 24-ժամյա ռեժիմը կարծես թե երկարում է, իսկ երկրորդ դեպքում՝ կարճանում, որն էլ օրգանիզմը ծանր է տանում:
Ի դեպ, մեր օրգանիզմի այս հատկությունը կարելի է օգտագործել որոշ հիվանդությունների բուժման ժամանակ, որոնք առաջացել են մարդու կենսառիթմերի խանգարումից: