Անցած 10 տարիների ընթացքում «Երեխաների աջակցման կենտրոնում» աշխատել են 6000 երեխաների հետ
Նախօրեին լրացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցման կենտրոնի» 10-ամյակը: Հենց այդ կապակցությամբ կենտրոնը կազմակերպել էր ֆորում, որին մասնակցում էին ոչ միայն կենտրոնի աշխատակիցներն ու Բարեկամների խորհրդի անդամները, ոլորտի մասնագետներ, այլեւ որդեգրած երեխաներ ունեցող, ինչպես նաեւ խնամակալ ու խնամատար ծնողներ: Հնչում էին միայն շնորհավորական ու ջերմ խոսքեր, սակայն բոլորը նշում էին, որ լավ կլիներ, եթե նման կենտրոնի անհրաժեշտություն ընդհանրապես չլիներ: Ցուցադրվում էին աջակցման կենտրոնում պատսպարում ստացած երեխաների ձեռքի աշխատանքները՝ ջրաներկով նկարներ, արհեստական ծաղիկներով կոմպոզիցիաներ: Ֆորումի ընթացքում ցուցադրված տեսահոլովակներից մեկով պարզ դարձավ, թե որքան նշանակալի աշխատանք է տանում նաեւ Բարեկամների խորհուրդը: Այդ ֆիլմում նկարահանված մի տղա, կենտրոնում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, խոսքն ուղղելով Բարեկամների խորհրդի նախագահ Բելլա Քոչարյանին, արտասանում էր. «Ես հպարտ եմ, որ մեր երեխաների մեջ ես առաջինը պատիվ ունեցա ծանոթանալ ձեզ հետ եւ լալիս եմ հիմա, քանի որ երբ մենք ծանոթացանք, դուք՝ ինձ համար բոլորովին օտար մի կին, ինձ գրկել եւ լաց էիք լինում: Թույլ տվեք հիմա ձեզ պարի հրավիրել»: Այս ֆիլմի ցուցադրությունից հետո ելույթ ունեցավ Բ. Քոչարյանը, որը շատ էր հուզվել: Նա ասաց, որ շնորհավորում է կենտրոնին՝ տարեդարձի կապակցությամբ. «Թեկուզ մանուկ է դեռ մեր կենտրոնը, սակայն արդեն բավականին մեծ աշխատանք է արել եւ անում` երեխաների աջակցման ոլորտում: Ես 2006 թվականից եմ միացել այդ մեծ ընտանիքին, շատ լավ ենք աշխատում միասին, եւ ես սիրով եմ կատարում իմ պարտավորությունները: Նշեմ նաեւ, որ մեր դռները միշտ բաց են բոլոր բարի կամք ունեցող մարդկանց համար»:
Տիկին Քոչարյանից առաջ խոսել էր նաեւ 5 երեխաների մայր Թամարան, որը նույնպես շատ էր կարեւորում կենտրոնի դերը. «Մենք ամուսիններով բախտ չունեցանք երեխա ունենալու, դրա համար էլ որդեգրեցինք մի տղայի, որից հետո եւս 2 երեխայի խնամատարությամբ էինք զբաղվում, նրանք քույր եւ եղբայր էին, ազգությամբ՝ հույն: Հետո մահացավ ամուսնուս քույրը եւ մենք ամուսիններով մեզ վրա վերցրինք նրա 2 տղաների խնամակալությունը: Մեր հույն զավակներն արդեն կապ են հաստատել իրենց կենսաբանական ծնողների հետ, հետաքրքիր է, որ նրանց հայրը երկար տարիներ արդեն ամուսնացել է այլ կնոջ հետ եւ երեխա չունի, իսկ մայրը առողջական խնդիրներ ունի եւ ի վիճակի չէ իր երեխաներին պահել: Ամենայն հավանականությամբ, այս տարի մեր երեխաները կգնան Հունաստան եւ կշփվեն իրենց կենսաբանական ծնողների հետ»: Խոսեց եւս մեկ խնամատար ծնող, որն արդեն 2 տարի իր խնամքի տակ էր վերցրել մի պատանու, նա ասաց, որ հիմա, երբ երեխան արդեն իրենց հետ է ապրում, նա իր կյանքը չի պատկերացնում առանց տղայի:
Մեր խնդրանքով անդրադառնալով «Երեխաների աջակցման կենտրոնի» միջոցով ընտանիքներ վերադարձած երեխաների պատմություններին, կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն ասաց. «Մեր կենտրոնի ամենահաջողված դեպքը, իմ կարծիքով, մի աղջկա հետ էր կապված, որին մեզ մոտ բերեցին, երբ նա 15 տարեկան էր: Մենք պատահաբար պարզեցինք, որ նա հղի է: Աշխատեցինք նրա հետ, երեխան էլ ծնվեց եւ մնաց մայրիկի մոտ, մինչեւ այժմ էլ նա մեզ մոտ է իր երեխայի հետ: Արդեն 17 տարեկան է: Սակայն սովորաբար այդպես չի լինում «խաբված աղջիկների» հետ, նրանք դառնում են մարմնավաճառ, երեխա են ունենում ու թողնում հիվանդանոցներում: Ես սա համարում եմ հաջողված դեպք, քանի որ մենք կարողացանք մեկ աղջնակի դրսում մնալուց փրկել, եւ մեկ աղջկա էլ Դուբայ հասնելու հեռանկարից ազատել: Հաջողված էր նաեւ այն, որ մենք 14-ամյա մի երեխայի ենք մարմնավաճառությունից հետ կանգնեցրել, ու նրան իր ընտանիքում ընդունել են, մայրն էլ շատ գոհ է իր աղջկանից ու շատ հոգատար է նրա նկատմամբ:
Մի խառը ամուսնության դեպք էլ պատմեմ. արաբ տղան ամուսնացել էր հայ աղջկա հետ, բնականաբար ընտանիքներում խնդիրներ էին առաջացել՝ մշակույթների ու սովորույթների, երեխայի դաստիարակության հետ կապված տարբերություն կար: Գումարած դրան՝ ամուսինը աշխատանքը կորցնելուց հետո բռնություններ սկսեց կիրառել ընտանիքի անդամների նկատմամբ: Ամբողջ օրը ծեծ ու ջարդ էր տանը: Մայրը երեխային փախցրել էր ու բերել մեզ մոտ, որպեսզի հայրը երեխայի տեղը չիմանա: Դա շատ մեծ աշխատանք էր, ոչ միայն երեխայի հետ, այլեւ ծնողների, սակայն երեխայի համար 2 ծնողն էլ հավասարապես ցանկալի էին: Ի վերջո, նրանց ընտանիքը միավորվեց, նրանք խաղաղվեցին: Սկսեցին մտածել երեխայի շահի մասին, ոչ թե իրենց վիրավորված ամբիցիաների: Ընդհանրապես, վերականգնված ընտանիքներ շատ կան: Մենք այս 10 տարիների ընթացքում աշխատել ենք 6000 երեխաների հետ»: Նա ավելացրեց նաեւ, որ դժվար է նրանց աշխատանքի համար ասել՝ հաջողությունը որն է. «Դա տեսանելի չէ, քանի որ պետք է հենց սկզբից իրավիճակին ծանոթ լինել, որ տեսանելի լինեն նաեւ արդյունքները, թե չէ թվում է, թե ոչինչ էլ չի փոխվել: Մեզ մոտ երեխա կար, որի մայրը հոգեկան հիվանդ էր, այդ կնոջը ոչ մի տեղ չէին ընդունում, անընդհատ ծաղրում էին, եւ նա ինքնապաշտպանվելով փակվել էր ու նույնիսկ իր երեխային թույլ չէր տալիս դպրոց գնալ: Երբ մայրը տեղափոխվեց հոգեբուժարան՝ երեխան հայտնվեց մեզ մոտ: Սկսեցինք նրանց հետ աշխատել, որի արդյունքում եւ այդ կնոջ հետ էին նորմալ խոսում, եւ երեխան սկսեց դպրոց գնալ. թվում է, թե մեծ գործ չէ, ինչ ենք արել որ, բայց մեր աշխատանքը հսկայական է եղել»: