Խոսքը ռեգբիի մասին է, որում երկու թիմերը պայքարում են միմյանց դեմ եւ աշխատում օվալաձեւ գնդակն անցկացնել մրցակցի «դարպասը»: Էությամբ ռեգբին որքան դիտարժան, նույնքան էլ կոպիտ թիմային խաղ է, որի օրենքներն այնքան կոշտ են, որ մասնակցից աննկարագրելի ամրություն ու դիմացկունություն է պահանջվում՝ ինչպես հակառակորդի պաշտպանության բետոնե պատնեշը քանդելու, այնպես էլ տանկերի հարձակում հիշեցնող գրոհներին դիմակայելու համար: Մի խոսքով, ռեգբիում պայքարը նման է պատերազմական գործողությունների:
Թեեւ այս մարզաձեւին նմանվող խաղերով զբաղվել են Հին Հունաստանում, սակայն համարվում է, որ ռեգբին առաջացել է Բրիտանիայում՝ 18-րդ դարում եւ որպես ասպետների զբաղմունք՝ սկզբնապես մատչելի է եղել միայն վերնախավին: Ներկայումս ռեգբին առավել շատ զարգացած է Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, Անգլիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում, Ուելսում եւ այդ երկրներում ազգային մարզաձեւի կարգավիճակ ունի: Եվ հենց այս երկրներն էլ աշխարհում մարզաձեւի գերտերություններն են: