Ցերեկույթ՝ նվիրված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 80-ամյակին
«Այսօր, երբ հետադարձ հայացքով նայում եմ իմ ստեղծագործական ուղուն, ցավոք, տեսնում եմ, որ արտասահմանում իմ ստեղծագործություններն ավելի շատ են կատարվում, հրատարակվում, քան իմ հայրենիքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը: Ու այդ ամենին, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում. «Ես հասկանում եմ՝ մեր երկրում շատ խնդիրներ կան, բայց արվեստը, գիտությունը ազգին պետք է ուղղորդեն: Այստեղ չի պրոպագանդվում լուրջ երաժշտությունը, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային երաժշտության համերգները նախաձեռնելու ցանկությունը բախվում է լուրջ ֆինանսական խնդիրների հետ»: Իսկ թե ինչո՞ւ են արտասահմանում նրա գործերը ավելի շատ կատարում ու հրատարակում, նա պատասխանեց՝ որովհետեւ այնտեղ ամեն մարդ իր գործն է անում. «Հրատարակիչը հրատարակում է, տարածում, երաժիշտներն էլ ծանոթանում են ու ցանկություն հայտնում նվագել, իսկ մեզ մոտ երաժիշտներն այնքան հոգսաշատ են, որ ժամանակ չեն ունենում ծանոթանալ նոր հրատարակություններին»:
Երեկ Կոմպոզիտորների միությունում երաժշտագիտական գրադարանը կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նրա բացառիկ լուսանկարները, մամուլում տեղ գտած հոդվածները, պատվոգրերն ու շքանշանները:
Երգիչ Արսեն Գրիգորյանը «Առավոտին» ասաց, թե ինքը հպարտ է, որ աշակերտել է տիկին Չթչյանին, ապա ընդգծեց. «Յուրաքանչյուր հայ՝ կոմպոզիտորից շատ բան ունի սովորելու, բայց հայ կատարողները թերանում են նրանց ստեղծագործությունները տարածելու հարցում, ավելի շատ տարածված են անարժեք եւ ոչ մասնագիտական երկերը, քան այն երգերը, որոնց համար մարդիկ իրենց ողջ կյանքը կարող է նվիրած լինեն ու որոնց մեջ իմաստ կա»: Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի կարծիքով էլ. «Գեղունի Չթչյանը տաղանդավոր կոմպոզիտոր է, ով երաժշտական բոլոր ժանրերում ստեղծագործել է: Գոնե ինձ համար նա հոգեհարազատ է խմբերգային ժանրում: Պետք է արձանագրեմ, որ անդրադառնալով հայ պոեզիայի մեր դասականներին, Գեղունի Չթչյանը անզուգական ստեղծագործություններ է գրել, հատկապես հետաքրքիր են նրա ռոմանսները՝ հայեցի մտածելակերպով»:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ պատմեց, որ իրեն հաճախ հարցնում են, թե այս կամ այն ստեղծագործությունը ի՞նչի հետ է կապված. «Իրական ստեղծագործող է Գեղունի Չթչյանը, իր համար դրսի իրադարձությունները՝ անձրեւն ու անձրեւի բերած տխրությունը, արեւի ճառագայթի ուրախությունը ոչ մի նշանակություն չունեն: Նրա հոգում հեց այդ նույն անձրեւն ու արեւն են: Նա իր ստեղծագործություններով հետեւողականորեն գնում է հայկական մշակույթի բարձր արժեքների հետեւից»: