Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության օրվա հիշատակին

Ապրիլ 17,2010 00:00

Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգը

«Հայկական սփյուռք-կենտրոն» հ/կ-ին առընթեր Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մեկ տարեկան է: Ապրիլի 19-ին նվագախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա անդրանիկ համերգով: «Առավոտի» հետ զրույցում նորաստեղծ  նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը ասաց, որ իրենց կոլեկտիվը  առանձնահատուկ է գեղարվեստական մտածողությամբ.  «Այն յուրահատուկ կամուրջ է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում»:
Պարոն Եսայանցը նշեց, որ առաջիկա համերգին հանդես կգան մոտ 40 կատարողներով, ավելի ուշ՝ հանդիսատեսին կներկայանան նոր ընդլայնված կազմով:  Ամռան առաջին ամիսներին իրենց կմիանա Սփյուռքից եւս  40 պատանի: Նվագախմբի ղեկավարը անդրադարձավ այն մտահոգություններին, թե փողային եւ լարային գործիքները մեռնում են. «Հարցն այն է, որ նախկինում էլ փողային եւ լարային որոշ գործիքներ, նկատի ունեմ  հոբոյ, ֆագոտ, ալտ, թավջութակ եւ այլն, առանձնապես պահանջարկի առումով չէին փայլում, բայց հիմա՝ առավել եւս: Երաժշտական դպրոցներ կան, որ ընդհանրապես այդ գործիքները չունեն: Ցավալի է, որ ծնողները դասական երաժշտության ժանրում ապագա չեն տեսնում»: Պարոն Եսայանցը, անդրադառնալով նվագախմբի առաջիկա համերգին, ասաց, որ հնչելու են հայ եւ եվրոպացի դասականների գործեր: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված համերգում բացառապես հերոսական շունչն է լինելու: Մեր զրուցակցի խոսքով. «Կատարումներին զուգահեռ, նախատեսել ենք նաեւ հայրենասիրական բանաստեղծություններ: Չեմ կարծում, որ ցեղասպանությունը պետք է մտաբերենք միայն  լալկանությամբ: Ապրիլյան օրերին տեղին է հերոսական շունչ ու ոգի ներշնչող միջավայրի ստեղծումը»: Պարոն Եսայանցը հավելեց, թե ինքը ծագումով վանեցի է եւ համոզված է՝ վաղ թե ուշ բոլորը ճանաչելու ու ընդունելու են ցեղասպանության փաստը. «Անխուսափելի է, դա մի օր տեղի կունենա»: Նա ընդգծեց, որ այն օրը, երբ հայերին բախտ վիճակվի տեր լինել պատմական Հայաստանի հողերին, ինքը առաջինը կմեկնի Վան. «Հիմա ասում են Հայաստան-Սփյուռք: Բայց ես նկատեմ, որ արմատներով պատմական հայաստանցիներս ներկայիս Հայաստանում ասես Սփյուռքում լինենք: Չէ՞ որ իմ հայրենիքը Վանն է»:
Դառնալով անդրանիկ համերգին, որը մի յուրատեսակ հաշվետվություն է լինելու, պարոն Եսայանցը ասաց, որ այն  իրենց նախամուտն է երաժշտական ասպարեզ, իսկ արդեն ամռանը լայնամասշտաբ համերգ են նախատեսել նվագախմբի ընդլայնված կազմով: Առաջիկա ամիսներին էլ նվագախումբը կներկայանա նաեւ  Արցախի ու Հայաստանի մարզերի հանդիսատեսին: Է. Եսայանցը շեշտեց, որ իրենց կոլեկտիվի կայացմանը նպաստել են Սփյուռքի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել