Տարիուկես է, ինչ սիրված երգչուհի Մանիկ Գրիգորյանը Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում չէ
– Շուրջ 20 տարի հանդիսացել եք Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներգչուհի, սակայն վերջին տարիներին անսամբլի համերգներին ձեզ չենք հանդիպում…
– 2009թ. հունվարին ՀՀ նախագահի միջնորդությամբ վերականգնվեց ժողգործիքների անսամբլը՝ առանց մեներգիչների: Ընդ որում, մնացել էինք միայն ես եւ Ռուբեն Մաթեւոսյանը: Չգիտես ինչու, վերականգնումը վերաբերեց միայն նվագախմբի արտիստներին: Ինձ հայտնեցին, որ մեներգիչների հաստիքներ այլեւս չեն լինելու եւ միայն անսամբլի գեղարվեստական ղեկավարի՝ Ռուբեն Մաթեւոսյանի ցանկությամբ, անհրաժեշտության դեպքում, կհրավիրվեն երգիչներ: Իր հերթին ղեկավարս էլ ինձ փոխանցեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ համերգային ծրագրերում կունենամ իմ տեղը: Սակայն վերականգնումից հետո, մարտի 8-ին նվիրված անդրանիկ համերգին ես չհրավիրվեցի:
– Լինելով ցանկալի ու սիրված երգչուհի հայրենիքում եւ Սփյուռքում, այնուամենայնիվ, ձեզ համար պարզե՞լ եք՝ ինչն է պատճառը:
– Պատճառն ինձ պարզ է՝ ղեկավարի քիմքին հարմար չեմ: Մյուս կողմից վստահ եմ, որ հանրապետության նախագահը՝ օգնելով ու աջակցելով նվագախմբի վերականգնմանը, հրահանգ չի տվել ազատվել վաստակաշատ երգչուհուց: Այն էլ նշեմ, որ վաստակած հանգստի գնալուս դեռ շատ ժամանակ կա:
– Ինչո՞ւ եք մինչ օրս լռում…
– Ցանկություն առաջացել է դիմելու ՀՀ նախագահին, բայց կանգ եմ առել, մտածելով, որ այդ քայլն ինձ պատիվ չի բերի: Մյուս կողմից, եթե ցանկություն ունենայի նվագախմբում վերականգնվելու, կդիմեի դատարան: Դրանից էլ հետ կանգնեցի, որովհետեւ Մաթեւոսյանը էնպիսի փափուկ բարձ դրեց գլխիս տակ, որից «օգտվում» եմ արդեն տարիուկես…
– Մասնագետների շրջանում խոսվում է ապրիլի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած, այնուհետեւ «Հ1»-ով եթեր սփռված Մերանգուլյանի անսամբլի համերգի մասին, որտեղ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, մեղմ ասած, ոչ պատշաճ հնչեցրին հայ երգը:
– Ինքս որպես ունկնդիր հրավիրված էի այդ երեկոյին, շոու-բիզնեսի մեր աստղերին լավ եմ ճանաչում եւ ծանոթ եմ նրանց կարողություններին… Մշտապես շեշտվում է, որ նվագախմբի հետ ելույթ ունեցողների ցուցակը կազմվում է վերեւներում, որին ամենեւին չեմ հավատում: Ավելին, պարբերաբար հնչող այս նախադասությունը ընկալում եմ որպես զառանցանք: Մյուս կողմից էլ նորություն չէ, որ շոու-բիզնեսի երգիչներն այսօր գրավել են բոլոր ոլորտները, բացի օպերային արվեստից: Կուզեի հատուկ խնդրել Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին, որ զգուշանա եւ օպերային ներկայացումներում չներգրավի շոու-բիզնեսի շուրջ երկու տասնյակի հասնող աստղերին (ժպտում է- Ս. Դ): Թե չէ ստացվում է, որ նրանք առաջնորդվում են հետեւյալ կարգախոսով. սա իմն է, սա իմն է, սրան ձեռք տվողի էլ…
– 2009-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում մեծ համերգով տոնեցիք ձեր ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանը… եւ վերջ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հագեցնում երգելու ձեր քաղցը:
– 2010-ը իմ եւ ամուսնուս՝ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանի համար հոբելյանական է: Հավանաբար աշնանը մեկ համերգ-երեկոյով կնշենք:
Իսկ ընդհանրապես հրավիրվում եմ հավաքական համերգների, ելույթներ ունենում մարզերում, մասնակցում բարեգործական միջոցառումների, մի խոսքով՝ երգել եմ ու դեռ կերգեմ: