Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

Ապրիլ 17,2010 00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է համագործակցել Ղրղըզստանի նոր ղեկավարության հետ: BBC-ի մատուցմամբ, Պան Գի Մունը ողջունել է միջազգային միջնորդությամբ երկրի նոր կառավարության եւ իշխանությունից հեռացված նախագահ Բակիեւի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, որի շնորհիվ Ղրղըզստանի նախկին ղեկավարը կարողացել է լքել երկիրը: Ղրղըզստանին հումանիտար օգնություն տրամադրելու իր պատրաստակամության մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը, սակայն, ասել է, որ ռուսական կողմը մտադիր է համագործակցել միայն հանրապետության լեգիտիմ իշխանության հետ:
Ընդսմին, երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, որ նոր իշխանությունները շարունակում են զանգվածային անկարգությունների ժամանակ «խաղաղ քաղաքացիների գնդակահարության» համար պատասխանատուների որոնումները:
Ղրղըզստանի արդեն նախկին նախագահը, որը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու՝ հրաժարականի մասին, դեռ գտնվում է հարեւան Ղազախստանի տարածքում:  «Ինտերֆաքսը» ավելի վաղ հաղորդել էր, թե Բակիեւը կարող է մեկնել Թուրքիա կամ Լատվիա: Ինքը՝ նախկին նախագահը, ավելի վաղ պնդել էր, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն առաջարկել է քաղաքական ապաստան տալ իր երկրում:
Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության առաջին փոխվարչապետ Ալմազբեկ Ատամբաեւը Թուրքիայում հայտարարել է, թե երկրում տեղի ունեցող նոր ընտրություններ կլինեն, եւ Ղրղըզստանը կանցնի պետական կառավարման խորհրդարանական համակարգի:
Ինչ վերաբերում է այդ երկրի տարածքում գործող «Մանաս» ռազմական հենակետում ամերիկյան ուժերի եւ Աֆղանստան տեղափոխվող ռազմական բեռների առկայությանը, ապա ժամանակավոր կառավարությունը որոշել է մեկ տարով երկարաձգել Միացյալ Նահանգների հետ ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել