Վաշինգտոնում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: News.am-ը, վկայակոչելով թուրքական «Zaman»-ը, փոխանցում է, որ երկու երկրների վարչապետների զրույցում քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ:
Թուրքական կողմը նախապատրաստվում է մայիսին Ռուսաստանի նախագահին դիմավորել Անկարայում, որի ընթացքում սպասվում է, որ երկու երկրների միջեւ փոխադարձաբար կվերացվեն մուտքի վիզաները եւ կստորագրվեն ռազմավարական համագործակցության հետ կապված համաձայնագրեր:
Իսկ Թուրքիայի ներքին կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է: Նույն աղբյուրի մատուցմամբ, երկրի Բաթման նահանգի Քոզլուքի եւ Սասունի շրջանների միջեւ ընկած հատվածում PKK-ի զինյալների եւ թուրք զինվորների միջեւ բախում է տեղի ունեցել: Թուրքական «Cumhuriyet»-ը տեղեկացնում է, որ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները հիշյալ հատվածում որոնողական գործողությունների ընթացքում PKK-ի զինյալների հետ դեմառդեմ են դուրս եկել: Բախման ընթացքում զոհվել է մեկ թուրք զինվորական եւ վիրավորվել չորսը:
Բաթմանի նահանգապետը շարունակվող ռազմական գործողությունների պատճառով հետաձգել է «Զբոսաշրջության շաբաթ» միջոցառումների շարքում նախատեսված համերգները: