Մոսկվայի մետրոյում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու եւ իրականացնելու կասկածանքով ձերբակալվածներ կան: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Մոսկվայի ուժային կառույցների մի ներկայացուցիչ՝ չմանրամասնելով, թե ձերբակալվածները քանիսն են եւ չբացահայտելով նրանց ինքնությունը: Նա միայն ասել է, թե «լուրջ աշխատանքներ» են տարվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության կազմակերպման կասկածանքով հետախուզում է հայտարարվել երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը «սլավոնական արտաքինով» կանայք են, եւ մահապարտ կանանց մետրո ուղեկցած մի տղամարդ: Դեռ մարտի 29-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, թե ահաբեկչության կազմակերպիչների անունները հայտնի են, իսկ ապրիլի 2-ին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին մոսկովյան այն բնակարանը, որտեղ մինչեւ պայթյունների իրականացումը՝ ապրել էին ահաբեկիչները: Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան, Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում զոհվել էր 40 մարդ, ավելի քան 90-ը վիրավորվել էր: Հաստատվել էր երկու մահապարտ կանանց ինքնությունը. նրանցից մեկը գրոհային Ումալատ Մահոմեդովի այրին էր՝ Ջանետ Աբդուրախմոնովան եւ Դաղստանի բնակիչ Մարիամ Շարիպովան: Ահաբեկչական ակտերի պատասխանատվությունը ստանձնել էր չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը: