Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց 3 անվանի հայ ժամանակակից արվեստագետների՝ քանդակագործ Արա Շիրազի, գեղանկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի, Էդուարդ Խարազյանի ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը: Նրանց անունները մեզ հայտնի են դեռեւս 60-ականներից, երբ հող էր նախապատրաստվում ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման համար: Եվ պատահական չէ, որ կազմակերպիչներն այն նվիրել են թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հիշատակին, ում մահվան 1 տարին լրանալու է շուտով: ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը ցուցահանդեսին ներկայանում է թվով 63՝ գրաֆիկական, փոքր էտյուդներով եւ մեծածավալ աշխատանքներով: Հայաստանում Ռ. Էլիբեկյանի վերջին ցուցահանդեսը բացվել է 2003-ին, նրա աշխատանքները հատկապես դրսում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ վայրերում են հաճախակի ցուցադրվում: Երեկվա ցուցահանդեսում նրա աշխատանքների մեծ մասը հայ արվեստասերի համար նորություն էր:
Քանդակագործ Արա Շիրազի աշխատանքներն ավելի լայն ժամանակաշրջան էին ընդգրկում: Նա հիշեց թանգարանի ստեղծման տարիները, երբ իսկական արվեստը կամ «ընդունված արվեստին» հակառակ տեսակետ ունեցող արվեստագետները չէին ցուցադրվում: Քանդակագործը ընդգծեց, որ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանն էր 60-ականների արվեստագետներին միացնողն ու հովանավորը: Գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը եւս երկար դադարից հետո ներկայացավ իր նոր աշխատանքներով: