Ապրիլի 21-23-ը կկայանա Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները: ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ժողովներում զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաեւ վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերին: Մասնավորապես, կընթերցվեն հետեւյալ զեկուցումները՝ «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ», «Քրոնիկակա՞ն, թե՞ մարող ճգնաժամ», «Ռուս էթնոսը եւ հայկական սփյուռքը Ռուսաստանում», «Տիեզերական գործոնների ազդեցությունը կլիմայական գլոբալ փոփոխությունների եւ խողովակաշարերի կոռոզիայի վրա»:
Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, նոր գերծանր 117-րդ տարրի հայտնագործության մասին զեկուցումով հանդես կգա այդ հայտնագործության հեղինակներից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը: