ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ երեկ մեկնարկեց «Մշակույթ» խորագրով 2-րդ գիտաժողովը: Մասնակցում էին ֆակուլտետի 3-4-րդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողները: Ապագա մշակութաբանների զեկուցումների թեմաները արդիական էին եւ փոքր-ինչ պատմական. «Մամիկոնյանների ցեղը եւ Չինաստանը», «Ծնողներ եւ զավակներ. հակամարտությունը դիցաբանական սյուժեներում» եւ այլն:
«Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը նկատեց. «Մեզանում ուսանողների ուսուցման պրոցեսն ավելի սերտման վրա է հիմնված, քան ինքնուրույն ստեղծագործական մոտեցումների: Մենք հասկանում ենք, որ նախ գիտելիք է պետք ստանալ, բայց երբ ամբողջ ծանրաբեռնվածությունը միայն գիտելիք ստանալու վրա է հիմնվում, ստեղծագործական պահը թուլանում է»: Զրուցակցիս կարծիքով՝ գիտաժողովները այդ բացը կարող են լրացնել. «Փորձում ենք տեսնել՝ ինչ չափով է նորամուծություն, գիտելիք արտացոլված ուսանողների աշխատանքներում: Կան զեկուցումներ, որոնք գիտական շրջանառության մեջ առաջին անգամ են մտել. օրինակ՝ Ղարաբաղի Հանրապետության քարե մարդակերպ կոթողները, որոնք մեծ վեճեր են առաջացրել, բայց մինչեւ այսօր հայագիտության մեջ հրատարակված չեն»: Ըստ ամբիոնի վարիչի՝ ապագա մշակութաբանները ոչ միայն պետք է լավ հասկանան ընթացող մշակութային պրոցեսները, այլեւ ունենան պրակտիկ միջոցառումներ անելու գիտելիքներ: Այդ պատճառով էլ ուսանողներից մեկն անդրադարձել էր մշակութային քաղաքականության ֆինանսավորման տիպերին: 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Կոստանդյանն էլ անդրադարձել էր «ֆուտբոլային երկրպագուներ» ֆենոմենին: Դառնալով կրթության հարցերին՝ ուսանողուհին նշեց. «Լավ մասնագետ դառնալու համար միայն համալսարանական կրթությունը բավական չէ, պետք է զբաղվել ինքնակրթությամբ»: