Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ՝ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Ապրիլ 17,2010 00:00

Ըստ որոշ լեզվաբանների՝ «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններն ուղղակի ծուղակ են

\"\"

ՀՀ «Լեզվի մասին» օրենքի համաձայն, ՀՀ-ում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն հայերենն է, արգելանք է դրված կրթօջախների օտարալեզու գործունեության վրա: Այժմ ՀՀ ԿԳ նախարարությունը «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար դիմել է կառավարությանը, որպեսզի մասնավոր, մասամբ նաեւ պետական դպրոցները կարողանան լիցենզիա ստանալ եւ իրավունք՝ իրականացնելու օտար լեզվով ուսուցում: Նախարարությունն իր քայլը հիմնավորում է նրանով, որ նման փոփոխություններով ինտեգրման ճանապարհ ենք անցնում, փորձում կարգավորել սովորողների խնդիրները եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը:
Երեկ «Հայելի» ակումբում այս թեմայով բանավիճեցին լեզվաբաններ Ռուբեն Սաքապետոյանը, Նարինե Դիլբարյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը:
Վերջինս ասաց, որ ինքն ամենեւին չի մերժում որեւէ ժողովրդի լեզուն ու մշակույթը, ուղղակի. «Մեզ նման փոքր ժողովուրդը իր իսկական անկախությունը լեզվով է ապահովում, որովհետեւ տնտեսական եւ ռազմական անկախության մասին խոսելը ծիծաղելի է: Լեզուն զուտ հաղորդակցության միջոց չէ, այլ մշակույթ է, պատմություն, մտածողություն… Եթե շատ են ուզում, թող հայկական դպրոցներում ուժեղացնեն ռուսերենի ու անգլերենի ուսուցումը: Իսկ եթե դա չի օգնում, ուրեմն մեր կրթության մակարդակն է խախուտ»:
Նարինե Դիլբարյանը փաստում է, որ ոչ միայն օտար, այլեւ մայրենի լեզվի դրվածքն է խայտառակ վիճակում. անգամ ուսանողները չեն կարողանում ռուսերեն գրքեր կարդալ: «Վիճակը պետք է շտկել, բայց այնպես, որ օտարալեզու կրթություն իրականացնողները չլինեն հիմնական դպրոցները, ուղղակի այդպիսի ավագ դպրոցներ պիտի նախաձեռնել… Օրենքը, բարձրացնելով շատ կարեւոր հիմնախնդիր, նաեւ ծուղակներ է բերում»,- համոզված է նա: Տիկին Դիլբարյանի կարծիքով, օրենքի փոփոխությունը կարող է տանել հատկապես ռուսամոլության. «Մինչդեռ դեպի աշխարհ տանող պատուհանները գալիս են անգլերենով, շեշտը պետք է դնել հատկապես անգլերենի վրա: Թող առաջին դասարանից բոլոր դպրոցներում օտար լեզվի ժամեր ավելացնեն»: Նա նաեւ նշում է, որ նույնը պիտի արվի ԵՊՀ-ում, որովհետեւ անգլերենից «թոյֆլը» չհաղթահարելու պատճառով ասպիրանտուրա ընդունվել ցանկացող լավագույն մասնագետները տուժում են:
Ռուբեն Սաքապետոյանն էլ պատկերավոր է ներկայացնում ասելիքը. «Բոլորս էլ ժամից ենք գալիս, գիտենք իրավիճակը»: Նա հիշեցրեց, որ ռուսամոլության պատճառով ԽՍՀՄ-ի ժամանակ պետական արխիվ գնացող փաստաթղթերի 95%-ը ռուսերեն էր, պետական կարեւորագույն գործողություններն էլ կատարվում էին ոչ հայերեն, ու բավական էր Մոսկվայից «ճ» կարգի կոնսուլտանտ կամ ասիստենտ գար, որ նրա խաթեր ողջ համագումարը կամ միջոցառումը ռուսերեն անցներ: «Հիմա գործը նորից գնում է դրան»,- ասում է Սաքապետոյանը ու փաստում, որ Ա. Աշոտյանը ռուսական կրթություն ունի, դրա համար էլ նման փոփոխություն է ուզում մտցնել: Լեզվաբանը ռուսական դպրոցների շրջանավարտներին որակում է «շուկայական ռուսերեն եւ բազարային հայերեն իմացող», «ոչ հայ, ոչ ռուս սերունդ»: Ասում է. «20 տարի ռուսական բանասիրականում հատուկ դասավանդել եմ՝ իմանալու համար, թե ի՞նչ են արտադրում մեր ռուսական դպրոցները… Անգամ մեր հարազատ բանասիրական ֆակուլտետում վազել բայի անցյալ կատարյալը չգիտեն, էլ չեմ խոսում գրաբարի մասին»:
Հովհ. Գրիգորյանն էլ բողոքում է՝ պետք չէ աջուձախ նայել եւ այլ երկրներին նմանակել. «4 կողմը իսլամական ժողովուրդներ են, ի՞նչ է՝ իսլա՞մ էլ ընդունենք»: Ասուլիսից տպավորությունն այնպիսին էր, որ 3 բանախոսներն էլ վտանգ էին տեսնում հատկապես ռուսական դպրոցներից, Ռ. Սաքապետոյանը, օրինակ, ասաց. «Ոչ գերմանացին, ոչ անգլիացին չի ստրկացնի, իսկ ռուսները կստրկացնեն»: Ն. Դիլբարյանն էլ մի օրինակ բերեց. «Քանաքեռում կա մի ռուսական դպրոց, որը ենթակա է ՌԴ կրթության նախարարությանը: Չնայած այն ռուսական դեսպանատան եւ ռուսական զորամասի դպրոցն է, սակայն այնտեղ սովորում են նաեւ հայ երեխաներ: Վերջերս սարսափով իմացա, որ հայ ծնողների պնդմամբ՝ այդ դպրոցում հայոց լեզուն հանվել է: Այդ մասին ինձ ասաց ռուս մի փոխգնդապետ՝ ծիծաղելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել