Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաքննական նոր հետազոտություն

Ապրիլ 17,2010 00:00

Հրապարակում է պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վալերի Թունյանի «Երիտթուրքերը եւ Հայկական հարցը» մատենաշարի նոր գիրքը (ռուսերեն), որը գիտական բացառիկ արժեք ունի: Մենագրության բացառիկությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին, 1982-1983թթ. լույս տեսած Ջ. Կիրակոսյանի հայերեն «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատոր եւ 1986թ. ռուսերեն հակիրճ թարգմանությունից հետո, հայկական պատմագրության մեջ բացակայում էին նման գիտական ուղղվածության աշխատությունները: Վ. Թունյանի մենագրության մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացված աշխատանքը մի ամբողջական ավարտուն գործ է: Այն հնարավորություն է տալիս բացահայտել երիտթուրքերի վերաբերմունքը հայկական հարցի նկատմամբ, իշխանության լծակների վրա գտնվելու ողջ ժամանակահատվածում:
Երրորդ գործոնը կապ ունի հետազոտության ժամանակակից արդիականության հետ, երբ թուրքական դիվանագիտությունը սահմանների բացման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրության ընդունման հետ կապված փորձում է ճնշում գործադրել, նպատակ ունենալով պատմական մոռացության մատնել Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանության մասին պատմահիշողության ողջ համակարգը:
Թունյանի աշխատության առաջին մասը ընդգրկում է երիտթուրքերի իշխանության գալուց եւ 1910թ. Սալոնիկի ծրագրի ընդունման պահից մինչեւ հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով հայկական հարցի վերացման ժամանակահատվածը:
2-դ մասը սկսվում է 1912թ. օգոստոսից մինչեւ 1914թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածի հիմնախնդիրների ներկայացմամբ, ապա՝ 1914թ. նոյեմբերից 1916թ. փետրվարն ընկած ժամանակահատվածով: Համակարգային տեսակետից Թունյանը բացահայտում է, որ Ցեղասպանությունը, որպես հայկական հարցի վերացման քաղաքական գործընթաց, իրագործվել է տարբեր կառուցվածքների միջոցով, մասնավորապես՝ կառավարական մակարդակը ներկայացնում էին Մինիստրների խորհուրդը եւ Օսմանյան պառլամենտը, կուսակցական մակարդակը՝ քաղաքական ակումբներն ու ուժային կառույցները:
Ցանկալի կլիներ, որպեսզի այս կարեւորագույն աշխատությունը լույս տեսներ նաեւ հայերեն, որպես այդ բնագավառում խիստ արժեքավոր պատմաքննական հետազոտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել