2009թ. հոկտեմբերի 10-ին «Առավոտում» լույս տեսավ Գյումրիի բնակիչ Գոհարիկ Մանուկյանի «Օլիգարխները զբաղվում են տներ խլելով» հրապարակումը:
Խնդիրն առնչվում էր նրա սեփականության պաշտպանմանը, նրան իր զբաղեցրած տարածքից վտարելուն:
«Այս տարվա ապրիլի 15-ին ինձ եւ իմ ընտանիքի անդամներին ու անչափահաս թոռնիկներին՝ 6 եւ 8 տարեկան, տնից պետք է վտարեին անօրինական վճիռների հիման վրա: Վիճելի տան հետ կապված դիմել եմ ՀՀ վարչական դատարան: Եղել եմ հողի սեփականատեր, սակայն Գյումրու կադաստրային ստորաբաժանումում ինձ չեն գրանցել: Վարույթս, չգիտեմ թե ինչու, տեղափոխվել է Երեւան, որտեղ դեռ դատական նիստ տեղի չի ունեցել: Միջնորդություն գրեցի, որպեսզի վտարման վարույթը կասեցվի մինչեւ դատական նիստերի ավարտը, ցավոք՝ մերժեցին»,- հայտնում է Գ. Մանուկյանը:
Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իր վտարման օրը նշանակվել է ապրիլի 15-ը, մինչդեռ դատական նիստի օրը ապրիլի 20-ն է: Այսինքն՝ քաղաքացին լիարժեք չի կարողանում օգտվել դատական պաշտպանության իր իրավունքից, ավելին, չի հասցրել սպառել արդարադատական մարմիններում ներպետական գործընթացի բոլոր ընթացակարգերը:
«Վտարումս պետք է իրականացնեն երեւանյան ԴԱՀԿ-ականները: Երեւի չեն վստահում Գյումրու ԴԱՀԿ-ին»,- հավելում է Գ. Մանուկյանը: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով անձնական ընդունելություն, սակայն չեն ընդունել նրան: Դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, այստեղ էլ նրան չեն օգնել՝ վտարման հետ կապված:
«Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից: Օգնություն կհայցեմ այն երկրից, ով ինձ ու իմ ընտանիքին սատար կկանգնի»,- ասում է Գ. Մանուկյանը: