Լրահոս
Օրվա լրահոսը

Չորսն էլ նախկինում դատապարտված էին եղել

Ապրիլ 17,2010 00:00

Երեկ տոնական հագնված ոստիկանների ուղեկցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Լյովա Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արթուր Մարտիրոսյանը: Նրանք չորսն էլ հրաժարվեցին պաշտպան ունենալ: Եվ դա պատճառաբանեցին ոչ թե իրենց նյութական վիճակով, այլ՝ որ ցանկանում են անձամբ ներկայացնել իրենց շահերը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների վարչության ավագ դատախազ, մեղադրող Արմեն Բոշնաղյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածը:
Ամբաստանյալները, լինելով անհատ ձեռնարկատերեր, իսկ Լ. Մկրտչյանն անգամ Պետական եկամուտների կոմիտեում գրանցված ՍՊԸ-ի տնօրեն, առանց ծառայություններ մատուցելու, ապրանք ներմուծելու, կեղծ հաշիվ-ապրանքագրերի միջոցով պետությանը պատճառել են 65 մլն 370 105 դրամի վնաս: Նրանք զբաղվել են օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությամբ: Նրանց գործունեության շնորհիվ պետական բյուջե չի մտել 5 մլն դրամից ավելի գումար:
Երեկ նախագահող Գագիկ Ավետիսյանի հարցին, թե արդյոք ամբաստանյալներն իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են, նրանք բոլորն էլ պատասխանեցին՝ մասնակի:
Դատարանին էին դիմել մի քանի վկաներ, որոնցից մեկը տեղեկացրել էր, թե գտնվում է Վրաստանում եւ պնդում է իր նախաքննական ցուցմունքը, մեկ այլ վկա էլ գրել էր, որ շատ է հարգում օրենքը, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս ներկա գտնվել դատական նիստին:
Ամբաստանյալները բոլորն էլ նախկինում դատված են եղել: Նրանցից Կարեն Ավագյանը՝ 5 անգամ: Ու երբ դատավոր Գ. Ավետիսյանը հարցրեց, թե խնամքին ո՞վ ունի, նա պատասխանեց՝ ծնողներ, հետեւեց դատավորի զարմանքը. «Եթե ազատազրկման վայրում եք, ապա ոնց են խնամքի տակ»:
Դատարանում ցուցմունք կտան նախ վկաները, կհետազոտվեն ապացույցները, ապա՝ ամբաստանյալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել