Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ

Ապրիլ 17,2010 00:00

Բարոյակա՞ն հաղթանակ

\"\"

«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է 83-ամյա Մարիա Նազարովայի ոդիսականին: Հիշեցնենք, որ ծեր կնոջը խաբել էր բրոքեր Ագնեսա Պապյանը, նրանից դեռ 2006թ.-ին վերցրել $8000՝ խոստանալով սենյակ՝ Ավանում գտնվող ինչ-որ հանրակացարանում: Ըստ Մ. Նազարովայի՝ խաբեությանը «ոչ պասիվ» մասնակցություն են ունեցել սոցապնախարարության աշխատակից ներկայացած Արմեն Պետրոսյանը եւ Պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, սակայն մեղադրյալի աթոռին, շնորհիվ քննիչ Հայկ Ավագյանի, հայտնվել է միայն Ագնեսա Պապյանը: Իսկ միայնակ, առանց ժառանգի Մ. Նազարովան առայսօր անտուն է, չի ստանում իր հասանելիք ընտանեկան նպաստը:
2009թ. մայիսի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, հարգելով ամբաստանյալ Ագնեսա Պապյանի միջնորդությունը, գործը քննել է արագացված դատաքննության ընթացակարգով եւ «հաշվի առնելով, որ Ա. Պապյանը 53-ամյա կին է, հանցանք կատարում է առաջին անգամ, ընդունում է կատարած հանցանքը եւ զղջում դրա համար, 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է վիրուսային հեպատիտ C-ով եւ հաստ աղիի քաղցկեղով, խնամքին ունի մեկ անձ եւ վերականգնել է տուժողին պատճառված նյութական վնասը», վճռել է Ա. Պապյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամանակով: ՀՀ Քրօրի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամանակով:
Քանի որ 2009թ. արդեն ետ ստացած $8000-ով հնարավոր չէր գնել բնակարան, Մ. Նազարովան դիմում է Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Պապյանից պահանջելով իր գումարի տոկոսները: Դատարանը բավարարում է Նազարովայի հայցը՝ որոշելով Ա. Պապյանից հօգուտ Նազարովայի բռնագանձել 887 770 դրամ: Թվում էր, թե արդարությունը հաղթանակել էր եւ շուտով վերջ կդրվի Մ. Նազարովայի տառապանքներին: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Մ. Խուրշուդյանը Մ. Նազարովային հայտնում է, որ Ա. Պապյանը չի աշխատում, չունի իր անունով գրանցված գույք եւ դրամական միջոցներ, այսինքն՝ գումարի բռնագանձում առայժմ հնարավոր չէ կատարել:
Քանի որ Ա. Պապյանը պայմանական էր դատապարտված՝ 2 տարի փորձաշրջանով, Մ. Նազարովային խորհուրդ են տալիս դիմել արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների վարչություն, սակայն այնտեղից ստանում է պատասխան, որ խաբեբա բրոքերի նկատմամբ 2009թ. կիրառվել է համաներում:
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եւ ինչի շնորհիվ է օրենքը Ագնեսային ու նրա նման խաբեբաներին սատարում, իսկ ինձ նման անճարների համար անզոր է, եւ նույնիսկ դատարանի վճիռը չի կատարվում: Ես ոչինչ չունեմ կորցնելու, ինձ ոչինչ չի մնում անել, քան մի տեղ այդ խաբեբայի գլխին քարով հարվածել, նրան վնասել, գոնե սիրտս կհովանա: Ոչինչ, որ դրանից հետո կհայտնվեմ բանտում: Գիտեմ, որ այնտեղ գոնե տանիք կունենամ գլխիս»,- ասաց հուսահատված Մ. Նազարովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել