Լրահոս
Օրվա լրահոսը

Ես եմ տան տերը

Ապրիլ 17,2010 00:00

Ու դուք տեսնում եք, տեսնում եք՝ թիկունքիս ջաղացն է, կողքս՝ թոռս: Մի քիչ ներքեւ՝ Խաչեն-Ծով-Պլատինան ու Տիգրանակերտն է, ու մի քիչ վերեւ՝ Բերդ-Ուսն ու Խոխանաբերդը: Ես մերոնցով՝ մեր հայկական-պապական Խաչեն ձորակում կանգնած եմ: Մամերթցիների հին երգից էսպիսի տողեր կան. «Ես հերկում ու հնձում եմ իմ տեգով եւ սրով. ես եմ տան տերը: Անզեն մարդը իմ ոտքն է ընկնում եւ ինձ տեր ու մեծ թագավոր է անվանում»: Ու հիմա ես ասում եմ՝ պըրանիմ թորքեն՝ «հարձակվում ենք, հա՜, հարձակվում ենք» պոռոտախոսության վրա էլ, նրա «ունեցած» զենք ու զրահի վրա էլ, իլած-չիլածի վրա էլ. քըցիմ ծեզ, ծեզ հող տվող չկա. ծեզ քառակուսի մետր էլ տվող չկա: «Եկե՛ք» ու «տարեք»: Թե կարում եք՝ եկե՛ք ու՝ «տարեք»: Էդ ես եմ ասում, ես՝ Արտոն՝ Ասկերանի սահմանային հի՜ն թագավորանիստ Փառուխի գյուղապետը: Որ կռվել եմ ու լավ եմ կռվել, ու ե՛ս եմ ազատագրել էս ձորակը: Ես, թանչիս տալով, կորուստներ տալով, ատամներս սեղմած ու ինքնաձիգս կրծքիս սեղմած, կորուստներից ու անպատմելի ցավերից սիրտս արդեն քարացած: Եվ ունեցած իմ վաստակով՝ էս ձորակի Խորոզ-Աղան ու Աղա-Քյարիմը. դե, եկեք ու՝ «տարեք»՝ քըցիմ ծեզ: Ու, նույնն էլ, իմ 4-ամյա թոռն է ասում ու կրկնում: Որ մի նստելուց թոնրի մեջ խորոված-թշշացող գառը յոխայի մեջ փաթաթում ու մի շնչով կուլ է տալիս: Ու, որ բաց թողնեմ՝ երեք օրվա մեջ մեր եռագույնը կտանի դրանց Գըզգալասըյի պատին կխփի, նրա փողփողացող շվաքի տակ կուչ եկած Բաքվի չայխանաներից մեկում կնստի-շունչ կառնի ու հետ կդառնա: Իմ թոռը: Որ կողքս պինդ-ամուր կանգնած է իր հողում: Իմ Անդրեյկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել