Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առիթով
Մարդկությունն իր ստեղծման օրից ուզում է հասկանալ մահվան առեղծվածը, ուզում է պարզել, կա՞, արդյոք, հետմահու կյանք, ինչպես պետք է ապրել եւ ինչպես չպետք է ապրել: Եվ հազարամյակներ շարունակ մարդ արարածը ջանքեր չի խնայում՝ փորձելով անմահանալ: Ամեն մեկը՝ յուրովի:
Կարեն Դեմիրճյանը երբեք անմահություն չէր փնտրում, ապրում էր սրտով, աշխատում՝ խղճի մտոք, ծառայում իր ժողովրդին՝ նվիրումով: Նրա համար էական չէր՝ գործարան է ղեկավարում, երկիր, թե ընդդիմադիր կուսակցություն՝ առաջնայինը նվիրումն էր: Նրա համար կենսական չէր՝ Ազգային ժողովի ամբիոնից է խոսում, օպերայի աստիճաններից միտինգավորներին է դիմում, թե փոքրիկ սենյակում՝ համախոհներին, առաջնայինը ճշմարտությունն էր: Նրա համար կարեւոր չէր՝ երաժշտություն է լսում, կանգնած է այրվող համալիրի առաջ, թե թոռնիկներին է փաղաքշում՝ առաջնայինը անկեղծությունն էր…
Կարեն Դեմիրճյանը երբեք չի ապրել իր անունն անջնջելի դարձնելու համար՝ ոչ հսկա պետությունների ղեկավարների հետ հավասարը հավասարի բանակցելիս, ոչ արվեստագետների կամ շինարարների հետ «գիտակը՝ գիտակի» բանավիճելիս, ոչ էլ հարազատների, ընկերների ու հայրենակիցների հետ «մարդը՝ մարդի» շփվելիս:
Կարեն Դեմիրճյանը երբեք չի գործել համբավ ստեղծելու համար՝ ոչ այն ժամանակ, երբ գործարանն էր լավագույնը դարձնում, ոչ հանրապետությունը շենացնելիս, ոչ էլ արժանապատիվ ցավով պաշտոնից հեռանալիս:
Շուտով տասնմեկ տարի կլինի, որ նա մեզ հետ չէ:
Չէ, սխալվում եմ, մեզ հետ է՝ Երեւանի փողոցներում, մեզ հետ է՝ ընդդիմադիր հարթակներում, մեզ հետ է՝ իր գործը շարունակողների մտքերում, բարեկամների հոգիներում…
Այդ փայլուն անձը ծնվել էր անմահության բանաձեւն արյան մեջ կրելով, որովհետեւ նրան խորթ էին ու օտար անհիմն խոստումները, ստահոդ լուրերն ու նենգ խարդավանքները:
Ինչքան էլ ցանկանան ու ջանան չկամները մոռացնել տալ նրա անունն ու գործը, միեւնույն է՝ Կարեն Սերոբի Դեմիրճյանն ապրում է ժողովրդի սրտում, մեր մյուս անմահների կողքին:
Ծնունդդ շնորհավոր, մեծարգո Կարեն Դեմիրճյան: