Լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման քսանամյակը
Դժվար է պատկերացնել ավելի բարձրարժեք գաղափար՝ քան ազատությունը կամ անկախությունը: Բայց, ցավոք, հայ հասարակության ներկայիս բարոյահոգեբանական խաթարված իրականությունը թույլ չի տալիս խոսել, արտահայտվել բարձր ու վեհ գաղափարների, նույն թվում նաեւ՝ անկախության մասին, եւ նա, ով փորձում է այդ անել, թեկուզեւ շշուկով, հայտնվում է սերվանտեսյան հերոսի զավեշտական վիճակում: Չնայած դրան, քսան տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հայ ժողովրդի համար նշանակության գիտակցումը, համենայնդեպս, գոնե բարոյապես, պարտավորեցնում է մեկ անգամ էլ փորձ կատարել անդրադառնալու այդ ոչ հեռու անցյալին ու այն ժամանակ հասարակության մեջ տեղ գտած արժեքներին:
Այդ առումով Անկախության հռչակագրի ընդունումն իր առանձնահատուկ նշանակությունն ու խորհուրդ ունի հայոց նորագույն պատմության մեջ: Եթե չչափազանցնենք օգոստոսի 23-ի նշանակությունը, ապա կարող ենք ասել, որ այն իր տեղը գտել է որպես այդ շրջանի ամենակարեւոր եւ նվիրական օրերից մեկը, քանի որ այդ օրվա անցուդարձի մեջ խտացված են լայն զանգվածների բազմամյա ձգտումներ, սերունդների նվիրական երազանք: Այդ օրն է ձեւակերպվել, տեսք ստացել, ըստ իս, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենակարեւոր փաստաթուղթը՝ Հռչակագիրը Հայաստանի անկախության մասին: Այդ փաստաթղթի ընդունումով եզրափակվեց քաղաքական ձգտումների ու նաեւ պայքարի մի դարաշրջան եւ հիմք դրվեց այնքան երկար երազած անկախ պետականություն ստեղծելու գործընթացին եւ, որ կարեւոր է՝ այդ գործընթացի իրավական ձեւակերպմանը: Այդ փաստաթղթով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ըստ էության, կրկին մտան միջազգային հարաբերությունների ասպարեզ: Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ նման նշանակության քաղաքական փաստաթուղթ հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրված չկա:
Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ Հռչակագիրը ձեւակերպվել եւ հրապարակվել է ազգային ինքնագիտակցության աննախադեպ վերելքի ալիքի վրա ու ավագ սերնդի ներկայացուցիչները, անշուշտ, ամենայն մանրամասնությամբ կհիշեն քսան տարի առաջ տեղի ունեցող դեպքերը, իսկ նրանց վերաբերմունքը, ժամանակաշրջանին տրված գնահատականները՝ որքան էլ խամրած ու մաշված լինեն դեպքերին հաջորդած տարիների քայքայիչ ու ավերիչ հասարակական մթնոլորտում, առաջ կբերեն միայն երանելի զգացումներ եւ կարող են երիտասարդ սերնդի դաստիարակության համար պարարտ նյութ լինել:
Փաստաթղթի նշանակությունը ներկա գործիչներին ու գիտնականներին պարտադրում է այն դիտարկել, հետազոտել բոլոր տեսակետներից, որտեղ իրենց ասպարեզը կգտնեն հասարակական գիտությունների գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները:
Որպես պատմական զարգացումների արդյունք՝ փաստաթուղթը առանձնահատուկ նշանակություն ունի պատմագիտության համար:
Որպես իրավաբանական փաստաթուղթ՝ Հռչակագիրը գերազանց օրինակ է, թե ինչպես քաղաքական եւ հասարակական ձգտումներն ու գաղափարները կարելի է մարմնավորել մեկ իրավական հիմնարար փաստաթղթի մեջ:
Որպես քաղաքական եւ հասարակական գործընթացների վրա ազդեցություն ունեցած փաստաթուղթ՝ այն յուրահատուկ ուսումնասիրության առարկա կարող է լինել քաղաքագետների համար:
Իրավական եւ միեւնույն ժամանակ քաղաքական փաստաթուղթ լինելու առումով այն անթերի է. վստահորեն կարելի է պնդել՝ դասական, թե իր ձեւակերպումներով եւ թե քաղաքական հեռատեսությամբ ու իրատեսությամբ, ինչը խոսում է փաստաթուղթը կազմողների ներկայացրած քաղաքական դպրոցի անվիճելի բարձր արժեքի, ինչպես նաեւ այդ սերնդի գործիչների քաղաքական հասունության եւ, իհարկե՝ հայ ժողովրդի պատմության մեջ չտեսնված խիզախության մասին: Հետագա պատմական դարակերտիկ զարգացումները ցույց տվեցին, որ փաստաթուղթը ամբողջությամբ համապատասխանում էր ժամանակի ոգուն, այն զարմանալիորեն ճշգրիտ էր կանխատեսել գլոբալ փոփոխությունների ընթացքը եւ իր խորքում պարունակում էր առաջընթացի ուղենիշային ծրագիր:
Հարկ է նշել, որ Հռչակագրով ամրագրվեց նաեւ սկիզբը կարճատեւ, սակայն ծայրահեղ բարդ իրադարձություններով ու զարգացումներով հագեցած մի ժամանակաշրջանի, որը եզրափակվեց անկախության հանրաքվեով եւ ապա՝ անկախության փաստացի ձեռքբերումով: Ուստի հիշելու, վերլուծելու, գնահատելու արժանի է այդ ամբողջ ժամանակաշրջանը:
Այս ամենը գալիս է հաստատելու, որ անհրաժեշտ է Հռչակագրի հրապարակման քսանամյակը նշել հատուկ շուքով եւ անպայմանորեն պետության աջակցությամբ: Դրա համար, կարծում եմ, պետք է իրականացնել մի շարք միջոցառումներ:
Կարծում եմ, ճիշտ կլինի կազմել հոբելյանական հանձնաժողով՝ կազմված քաղաքական, պետական, գիտության եւ հասարակական գործիչներից, որը իրականացման ներկայացնի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների մի ամբողջական ծրագիր՝ սկսած Հռչակագրի ընդունման օրվանից մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերը՝ Անկախության հանրաքվեի օրը: Կարծում եմ, որ ծրագիրը պետք է ներառի հետեւյալ միջոցառումները.
Խորհրդարանի հոբելյանական նիստ, որին մասնակցեն նաեւ Հռչակագիրն ընդունած Գերագույն խորհրդի պատգամավորները, հեռուստատեսային եւ ռադիո հաղորդաշարեր, գիտական հավաքներ, համաժողովներ, գիտական հատուկ նիստեր, նկարահանվեն ու ցուցադրվեն վավերագրական ֆիլմեր, գեղարվեստական գործերի ցուցահանդեսներ, հանդիպումներ երիտասարդության հետ, պետական բարձր պարգեւներով պարգեւատրել անկախ պետականության կառուցման գործում մեծ լումա ներդրած անհատներին ու կազմակերպություններին:
Համոզված եմ, անկախության նկատմամբ նման մոտեցումը կարող է այսօր դառնալ ավանդական, իսկ վաղը՝ հայ ժողովրդի քաղաքական մշակույթի մի կարեւոր մաս: