Գյումրու Մուշ 2 թաղամասում «Գլենդել հիլզի» կողմից առաջին փունլով կառուցվող 1056 բնակարանից 480-ը արդեն իսկ բաշխված է: Երեկ բնակբաշխման հանձնաժողովը Գյումրու դրամատիկական թատրոնում վիճակահանությամբ հավաստագրեր հանձնեց եւս 192 անօթեւանի, որոնք երեք սենյականոցի հավակնորդներ էին: Սակայն, ինչպես լրագրողներին փոխանցեց քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը, հնարավոր է, որ բնակարանամուտը եւս մեկ ամսով հետաձգվի՝ նախատեսված մայիս ամսի փոխարեն լինի հունիսին: Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ մտադրված են նորակառույցներում տեղադրվող գազօջախները, մարտկոցները, սալիկները եւ այլն, տեղի մատակարարներից ձեռք բերելու փոխարեն, ներկրել դրսից, իսկ սա, Վարդան Վարդանյանի հաշվարկներով, կառավարության վրա ավելի էժան կնստի, 300 մլն դրամ կտնտեսեն ու արդյունքում հնարավորություն կունենան թաղամասի համար նոր դպրոց կառուցել: Նկատենք, որ բնակբաշխման հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել, մասնավորապես կրախի առջեւ են կանգնել այն անօթեւան ընտանիքները, որոնք հանրապետությունից բացակայող անդամներ ունեն: Չնայած նրանք եւս ապրում են անմարդկային պայմաններում, փտած տնակներում, սակայն վերջիններիս գործերը, որպես կանոն, մերժվում են հանձնաժողովի կողմից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց բնակբաշխման մոնիտորինգ իրականացնող կազմակերպության՝ «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վահան Թումասյանը, իրենք առաջարկ են ներկայացրել քաղաքաշինության նախարարությանը՝ կառավարության թիվ 432 որոշման 1-2 կետ փոփոխության ենթարկելու: Բանն այն է, որ Հայաստանից բացակայող որոշ անօթեւաններ տարբեր պատճառներով, օրինակ, ասենք՝ անձնագրերի ժամկետի լրանալու հետ կապված, չեն կարողանում լիազորագրեր ուղարկել հայրենիք՝ իրենց անօթեւան ընտանիքին, որի պատճառով էլ ամբողջ ընտանիքը զրկվում է հասանելիք բնակարանից: Վ. Թումասյանի ասելով, իրենց առաջարկի մեջ կա նաեւ պարտադրանք. բնակարանի բանալիները վերցնող ընտանիքի մյուս անդամները փաստաթուղթ են ստորագրելու առ այն, որ իրենք պարտավոր են բացակա անդամի վերադառնալուց հետո նրան ապահովել բնակմակերեսով: Վահան Թումասյանի հայտնած տվյալներով, անօթեւանների գրեթե 40%-ը կանգնած է այս խնդրի առջեւ: