Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱ՞ՇՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Ապրիլ 17,2010 00:00

Այսպես որ գնա՝ շուտով ձկան գինն էլ ոչխարի մսի նման աստղաբաշխական կդառնա

ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց. «Արարատյան դաշտավայրի ջրերի պաշարները վերջին 2-3 տարիներին լրջորեն նվազել են, եւ դա խնդիր է: Անցած տարի լուրջ ուսումնասիրություններ են կատարվել ոլորտում, իսկ այս տարի փետրվարին վարչապետի որոշմամբ ստեղծվել է իմ գլխավորությամբ հանձնաժողով: Արարատյան դաշտավայրի ջուրը միայն ձկնարդյունաբերության համար չէ, նաեւ խմելու եւ ոռոգման համար է: Մեր հանձնաժողովը պետք է լուծում գտնի, որ մեր ջրի պաշարներն անխնա չօգտագործվեն, եւ փաստի առաջ չկանգնենք»: 
Կառավարության նոր գործելաոճը մտահոգությունների ու խուճապի պատճառ է դարձել ձկնաբույծների համար: «Առավոտի» հետ զրույցում Հայ ձկնաբույծների միավորման նախագահ Արկադի Գեւորգյանն ասաց, թե գործադիրի նոր, խստացված պահանջները՝ ջրօգտագործման, ջրահեռացման եւ հողերի կարգը փոխելու առումով, լուրջ խնդիրներ են առաջացրել. «Եթե մենք ցանկանում ենք որեւէ շինարարություն անել, դրա իրավունքը չունենք, հարկ է լինում գնալ եւ հողի կարգը փոխել, հետո նոր շինարարության թույլտվություն ձեռք բերել, ապա նոր գործել»: Պարոն Գեւորգյանի խոսքով, թեեւ ամենացածր կարգի հողի 1 հեկտարի արժողությունը սկսվում է 50-60 հազար դրամից, բայց հենց կարգը փոխվում է ու դառնում արդյունաբերական՝ 1 հեկտարի գինը կտրուկ աճում է եւ երբեմն հասնում է 15 միլիոն դրամի. «Մեզ էլ պարտադրում են 30 օրվա ընթացքում վճարել հողային այդ տարբերությունը, բայց որտեղի՞ց վճարենք»: Պարոն Գեւորգյանն ասաց նաեւ, որ ճգնաժամի հետեւանքով ձկնաբույծները լուրջ վնասներ են կրել. «Արտաքին շուկաներից շատերը փակվեցին, մասնավորապես՝ ռուսական եւ ուկրաինական, իսկ հայկական շուկան սահմանափակվեց, գներն ընկան, մենք լուրջ ֆինանսական կորուստներ ունեցանք, հիմա էլ մեզ կառավարության նոր պահանջներն են ճնշում, պարտադրում են ջրաչափեր տեղադրել, իսկ ջրաչափերն էլ բավականին թանկ հաճույք են, մենք էլ առաջարկում ենք՝ ջուրը կարող եք չափել պարբերաբար, բայց այլ մեթոդներով, բայց նրանք պնդում են, թե ջրաչափը պարտադիր է»: 
Ջրահեռացման խնդրին անդրադառնալով՝ Ձկնաբույծների միավորման նախագահն ասաց. «Ջրահեռացման համար թող տան համապատասխան տեխնիկա, որով կկարողանանք աշխատել իրենց պահանջներին համապատասխան»: Ինչ վերաբերում է հողի կարգի փոփոխմանը, նա ասաց. «Մեզ հիմա պարտադրում են փաստաթղթեր ստորագրել եւ մեզ վրա վերցնել իրենց առաջարկած պայմանները, մասնավորապես՝ հողի կարգը փոխել եւ գումարների առաջացած տարբերությունները վճարել»:
Այս կապակցությամբ փոխվարչապետը «Առավոտին» պարզաբանեց, որ կառավարությունը ձկնարդյունաբերությամբ զբաղվողներին նեղելու կամ ճնշելու խնդիր չի ունեցել եւ չունի. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով փակելու ենք տիրազուրկ խորքային հորերը: Արդեն 15 խորքային հորի վերաբերյալ ծրագիր ունենք: Մենք զբաղվում ենք ոչ թե ձկնարդյունաբերողներով, այլ՝ Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերի պաշարներով»: Նա նաեւ ասաց, որ հարցը քննարկվել է ձկնարդյունաբերական ընկերությունների հետ եւ կառավարությունում, եւ տեղերում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում, ձկնարդյունաբերողներին ներկայացվել է խնդիրը. «Մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, կան կանոններ, որ դուք ժամանակին ընդունել եք պետության հետ միասին: Եկեք պահպանեք այդ կանոնները, որոնք բերելու են ջրի ճիշտ օգտագործման, պաշարների խնայողության եւ համակարգի նորմալ աշխատանքին: Այսօր ընդերքից հանվող ջրի զգալի մասը թափվում է դրենաժային համակարգ, ինչը նորմալ չէ եւ նախատեսված էլ չէ»: Արմեն Գեւորգյանը ավելի ուշ տեղեկացրեց, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ձկնարդյունաբերական յուրաքանչյուր ձեռնարկության հետ առանձին քննարկել ջրի խնդիրը եւ ողջամիտ ժամկետներում լուծել հարցերը. «Աշխատանքային խումբը շատ լավ աշխատում էր, բայց ինչ-ինչ պատճառներով հանկարծ սկսեցին հրապարակային քննարկումներ, կարծես իրենք ուզում են բիզնես զարգացնել, իսկ կառավարությունը դեմ է: Նման բան չկա: Կառավարության քայլերը տեսանելի են, ոչ ոք չի կարող հերքել: Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել հատկապես արտահանման հնարավորություններ ստեղծելու համար»: Փոխվարչապետը նաեւ նկատեց, որ ջուր օգտագործելու թույլտվության մեջ հստակ արձանագրված է ջրօգտագործման չափաքանակի վերահսկողությունը ու հաշվառումը, ջրօգտագործման նպատակայնությունը, նաեւ ընդգծեց, որ կառավարությունն այս հարցերին շատ խիստ չի նայել, որ ոլորտը կայանա, բայց եկել է մի պահ, երբ ջրային ռեսուրսը կորչում է՝ «վաղը, մյուս օրը խմելու ջուր չենք ունենալու»: Փոխվարչապետը, անդրադառնալով ջրաչափերի հարցին, ասաց, որ դրանք $5000 չեն, ինչպես հավաստիացնում են ձկնարդյունաբերողները. «Ըստ մասնագետների, խորքային հորից դուրս եկող ամենամեծ տրամագծով խողովակի վրա տեղադրվող ջրաչափի առավելագույն գինը 1000 եվրո է, իսկ ձկնարդյունաբերողների առաջարկած մեթոդով չափելու պարագայում օգտագործված ջրի 30-50%-ը չափելը հնարավոր չի լինելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարությունը պարտադրում է փոխել օգտագործվող հողի կատեգորիան եւ 50 կամ 60 հազար դրամի փոխարեն պահանջում է վճարել 15 միլիոն, ապա Արմեն Գեւորգյանը պարզաբանեց, թե այսօր խնդիրը հավասարություն ապահովելն է. «Այսօր Արարատի մարզի 87 ձկնարդյունաբերական ձեռնարկություններից միայն 27-ի հողն է ջրային, մնացածինը՝ արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության է, իսկ Արմավիրի մարզի 147 ձեռնարկություններից ոչ մեկի հողը ջրային չէ. արդյունաբերական, գյուղատնտեսական կամ բնակարանային է: 234 (87+147) ձեռնարկություններից ոչ մեկի շենք-շինությունը գրանցված չէ: 234-ը միասին օգտագործում են 450 խորքային հոր, որոնցից 56-ը ապօրինի է: Ոչ Արարատի, ոչ Արմավիրի մարզերի ձկնարդյունաբերական ձեռնարկություններում ջրաչափեր չկան, 234 տնտեսությունից 109-ում ջրահեռացման վայրերը չեն համապատասխանում ջրթույլտվությունում նշված վայրերին, տնտեսություններում չկան ջրակորուստների կրճատման եւ ջրի արդյունավետ օգտագործման ծրագրեր: Խորքային հորերից փաստացի ջրաելքերը Արարատում նվազել են 15-30%-ով, իսկ Արմավիրում՝ 60-90%-ով: Արմավիրում 25 հոր ցամաքել է: Չզբաղվե՞նք սրանով»:
Ձկնաբույծների միավորման նախագահն էլ բարձրաձայնում է, թե նախորդ տարիներին սովորաբար Սեւանա լճում 40 հազար տոննա սիգ էր լինում, որը թույլ էր տալիս մինչեւ 16 հազար տոննայի որս կազմակերպել, բայց վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել է. «Այսօր երեւի 100 տոննայի չափով էլ սիգ չեք գտնի Սեւանում, եւ, իմ կարծիքով, այս հարցում ձկնորսները մեղավոր չեն, այլ այն մարդիկ, ովքեր պարտավոր են կարգավորել եւ վերահսկել այդ խնդիրները, այնինչ՝ միայն հայտարարում են, թե սիգի որսն արգելված է, մինչդեռ շուկաներում սիգ վաճառվում է»: Արկադի Գեւորգյանը կարծում է, թե ձկնաբուծության ոլորտում հենց խախտում են նկատում՝ քավության նոխազ են դարձնում միայն ձկնաբույծներին. «Այո, տեղի է ունեցել անկանոն ձկնաբուծության զարգացում, շատ ժամանակ ջրհորները անկանոն թույլտվությամբ են ստեղծել, բայց եկեք կանոնակարգենք, այլ ոչ թե մեղավորներին խաղից դուրս հանենք: Ի վերջո, չէ՞ որ նախորդ տարիներին պարբերաբար ստուգումներ են իրականացրել ձկնաբուծական ոլորտում, բայց, չգիտես ինչու, ձեն ձենի տված աչք են փակել ոլորտում եղած խախտումների վրա, իսկ էսօր հանկարծ քնից արթնացել են եւ որոշել մի գրչի հարվածով ձկնաբույծներին հանել սխալ, բայց խնդիրը թողնել չլուծված»: Ըստ նրա՝ անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ. «Մեզ մեղադրում են, թե մենք ենք մեղավոր, որ հողերը աղակալում են, քանի որ ջրերը թափում ենք դրենաժների մեջ, իրականում պետք է թափենք գետերի մեջ, այս պահին ոչ մի տնտեսություն չունի համապատասխան տեխնիկական պայմաններ, իսկ մեզ ստիպում են, որ տեխնիկական պայմաններով աշխատենք, եւ արգելում են դրենաժներ թափել, մենք էլ բացատրում ենք՝ դա աբսուրդ է, տնտեսություններ կան, որ 5-6 կմ հեռավորության վրա են, մենք ինքնուրույն ջրահեռացում չենք կարող անել»: Նա նաեւ նշեց, որ չնայած կառավարությունն այս խնդիրները բարձրացրել է նախորդ ամիս, բայց. «Այս խնդիրները ինքներս էինք բարձրաձայնել դեռ նախորդ տարի: Ստացվում է, որ ոլորտը կարգավորելու մեր ջանքերը մեր դեմ դուրս եկան: Երեւի մենք եթե լռեինք՝ խնդիրը մեր առջեւ ավելի ուշ կծառանար»: Վերջում էլ հավելեց. «Ջրահեռացման հարցում էլ մի մեղադրեք, այլ տվեք համապատասխան տեխնիկա: Ջրի թույլտվությունները պարտադրում են երեք տարին մեկ գնալ ու ստանալ, մենք էլ պահանջում ենք 15 տարին մեկ դա անել, նաեւ առաջարկում ենք՝ եթե պետական խնդիրներ առաջանան, թող գան ջուրը փակեն, բայց մեզ մի պարտադրեք երեք տարին մեկ դա անել, ջրահեռացման համար տվեք համապատասխան տեխնիկա, որով կկարողանանք աշխատել ձեր պահանջներին համապատասխան»:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել