Արամ Սաֆարյանը 5 դիտարկում ներկայացրեց
ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը երեկ լրագրողներին ներկայացրեց ԲՀԿ տեսակետը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցի մասին: Պարոն Սաֆարյանի հնչեցրած տեսակետը ներկայացնում ենք առանց խմբագրման. «ԲՀԿ անունից ունեմ հինգ դիտարկում եւ հետո կպատասխանեմ ձեր հարցերին: Մենք ուսումնասիրել, վերլուծել ենք վաշինգտոնյան այցը եւ նրա առաջին արդյունքները, առաջին հետեւանքները եւ այս կապակցությամբ ունենք հինգ դիտարկում: Առաջին՝ մենք բարձր ենք գնահատում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ուղեւորությունը, ունեցած հանդիպումները եւ, մասնավորապես, նրա արտասանած ճառը Վուդրո Վիլսոնի գերեզմանի վրա: Մենք կարծում ենք, որ այդ դիրքորոշումները վերջին ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում ծավալված գործընթացների ամփոփումն է, ռեզյումեն է, եւ այդ պատճառով է, որ հիմնականում արտահայտում է մեր քաղաքական դաշտի ուժերի ընդհանուր ամփոփված տեսակետները եւ դիրքորոշումները հայ-թուրքական երկխոսության զարգացման հեռանկարի կապակցությամբ: Մենք կարծում ենք, որ սա նաեւ շատ կարեւոր քայլ է Հայաստանի եւ Սփյուռքի մեր ուժերին համախմբելու, Հայաստանի եւ Սփյուռքի պառակտումը թույլ չտալու եւ Հայաստանի եւ Սփյուռքի անունից հավաքականորեն հանդես գալու Հայաստանի իշխանությունների դիրքորոշման ճանապարհին: Կարծում ենք, որ եթե այսուհետեւ էլ այս կուրսը շարունակվի, ապա մենք ունենալու ենք էական հաջողություններ համայն հայության համախմբման տեսանկյունից: Երկրորդ, ես կարծում եմ՝ այս տեղի ունեցածը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հավակնոտ արտաքին քաղաքականության արդյունքն է, որի նպատակն է մեռյալ կետից ամեն գնով առաջ շարժել հայ-թուրքական երկխոսության խնդիրը: Ես կարծում եմ՝ այս ճանապարհին ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը պետք է գնահատել իբրեւ առաջընթաց, հաջողություն, առավել եւս, որ Վաշինգտոնից ստացվող տեղեկությունների արդյունքում մենք արձանագրել ենք գործընթացի համահովանավոր մյուս մեծ ուժերի՝ ԵՄ եւ ՌԴ ներկայացուցիչների հետ համաձայնեցված առաջ շարժվելու ձգտումը: Կարծում եմ՝ սա դրական երեւույթ է, եւ հույս ունեմ, որ Միացյալ Նահանգների նախագահի այս վճռականությունը իր տակ իրական հիմք է ունենալու եւ այս գործընթացը հնարավոր է լինելու առաջ մղել: Մենք պետք է արձանագրենք, որ հայ-թուրքական երկխոսության առաջխաղացումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի շահերից, այլեւ ներդրում է մեր ամբողջ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեջ»: