Անցկացված հետազոտության այս տվյալը հրապարակվեց մամուլի ազատության մարտահրավերների վերաբերյալ ԵԽ համաժողովում:
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Մամուլի ազատության մարտահրավերները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում» համաժողովը Թբիլիսիում երեկ ավարտեց աշխատանքը: Համաժողովում հաճախ բանավեճեր եղան նույն պետության երկու ներկայացուցիչների միջեւ: Ասենք, Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանյան դրական լույսի ներքո ներկայացրեց երկրում մամուլի վիճակը՝ խորհրդարանական բանավեճերը հեռարձակվում են եթերում, հանրային հեռարձակումը պետբյուջեից է ֆինանսավորվում եւ այլն: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Մագդալինա Անիկաշվիլին, որն առաջ աշխատել է «Իմեդի» հեռուստաընկերությունում՝ պնդեց, թե Վրաստանում ԶԼՄ-ների ազատության առումով կան խնդիրներ, եւ եթե դրանք չլուծվեն՝ անհնար է երկրի ժողովրդավարական զարգացումը: Մասնավորապես՝ հանրային հեռարձակումը պետական վերահսկողության ներքո է, երկու հիմնական հեռուստաալիքները կանխակալ են ու աչառու, լրագրողների մեջ միասնություն չկա, եւ պետական քաղաքականությունը միտված է հենց դրան, որ պառակտվածություն լինի եւ այլն:
Նման բանավեճ եղավ նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչների պարագայում: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրիյ Շեւչենկոն մասնավորապես նշեց, թե ընդդիմադիրների համար սահմանափակված է հեռուստաեթերը, եւ Յուլիա Տիմոշենկոն արդեն մի քանի շաբաթ է՝ չի կարողանում եթեր ստանալ: Եվ նրան հակադարձեց Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Իսկ Ուկրաինան դեռ բարվոք երկիր է համարվում ԶԼՄ-ների ազատության առումով: Համենայնդեպս՝ Բաց հասարակության ինստիտուտի համացանցային հրատարակությունների մեդիա քաղաքականության խմբագիր Մարկ Թոմփսոնը սա պնդեց՝ վկայակոչելով «Freedom house»-ի գնահատականը, թե մամուլի ազատությունը շատ արագ է անկում ապրում հետխորհրդային երկրներում, եւ մասնավորապես համաժողովին ներկայացված 5 երկրներից 3-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի վերաբերյալ «Freedom house»-ի գնահատականն է, թե այստեղ չկա մամուլի ազատություն, կառավարությունն անհանդուրժողականություն է ցուցաբերում անկախ ԶԼՄ-ների հանդեպ եւ այլն:
Նա առանձին-առանձին անդրադարձավ նաեւ այս 5 երկրներից յուրաքանչյուրին: Մասնավորապես Հայաստանի վերաբերյալ ասաց, թե լրագրողների հանդեպ բռնությունների հեղինակները մնում են անպատիժ, լիարժեք անաչառ հետաքննություն չանցկացվեց Հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու հանգամանքների վերաբերյալ, թեեւ ամենաբարձր մակարդակով հնչել էին հակառակի վերաբերյալ հավաստիացումներ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վերաբերյալ ասվեց, թե շարունակվում է պետական կոշտ վերահսկողությունը հանրային հեռարձակողների նկատմամբ. «Ադրբեջանում կարգավորող մարմինը կոչվում է անկախ, բայց իրականում կառավարության շարունակությունն է»:
Ի դեպ, ընդհանուր առմամբ նշվեց, թե մանիպուլյացիաներ կան Հանրային հեռարձակողների կարգավորող մարմնի նշանակումների հետ կապված, եւ այս առումով ընթանում է հակաբարեփոխման գործընթաց:
Ադրբեջանի վերաբերյալ նաեւ հիշատակվեց, որ բանտում են մնում լրագրողներ: Հնչած այս եւ այլ քննադատություններին փորձեց հակազդել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական կապերի բաժնի ղեկավար Վուգար Ալիեւը՝ բողոքելով, թե 4 հազար լրատվամիջոց ունեն, ամեն օր քննադատություն կա կառավարության հասցեին՝ քննադատվում են բոլորը, մեղավորներն ու անմեղները, էլ ի՞նչ հիմքով է «Freedom house»-ն իրենց մեղադրում ոչ ազատ մամուլ լինելու մեջ: Մոլդովացի գործընկերս այս ելույթին ի պատասխան կեսկատակ նկատեց. «Եկեք բանաձեւ ընդունենք եւ «Freedom house»-ին պարտավորեցնենք հերքել իր հայտարարությունը»:
Մոլդովայի անկախ մամուլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Փեթրու Մաքովեյը նշեց. «Մենք Մոլդովայի օրինակով համոզվեցինք, որ բավարար չէ տեղեկատվության ազատության մասին լավ օրենք ունենալ, եթե չկան այն կիրառելու մեխանիզմներ, եւ եթե դա արվում է միայն նրա համար, որ հետո Եվրոպայի խորհրդի առջեւ հաշվետվություն տրվի, թե որքան լավ են իրականացվել բարեփոխումները: Բավարար չէ միայն ապաքրեականացնել վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ օրենսդրությունը, քանի որ հեշտ է նաեւ տուգանքներով խեղդել անցանկալի լրատվամիջոցներին, սառեցնել նրանց հաշիվները: Բավարար չէ երթերի մասին լավ օրենք ունենալ, եթե նման երթեր կազմակերպելու համար մարդիկ կամ տնային կալանքի են ենթարկվում, կամ նրանց հետ անհասկանալի բաներ են կատարվում, ինչպես մեզ մոտ եղել է մի քանի անգամ»: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն էլ համաձայնեց. «Լավ օրենքներ ունենք, բայց դրանց վատ կատարում»:
Եվս մի ուշագրավ մեջբերում հնչած ելույթներից, որոնցով խորանում էր տպավորությունը, թե մենք բոլորս ապրում ենք մի տան մեջ՝ ուղղակի տարբեր սենյակներում, եւ տան խնդիրներն ընդհանուր են բոլորի համար: Անդրիյ Շեւչենկոն նկատեց, թե ակնհայտ է լրագրողների թեքումը դեպի մակերեսայնություն եւ դեղնություն, երբ իրենց չեն ծանրաբեռնում վերլուծությամբ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել: Իսկ Մարկ Թոմփսոնը վկայակոչեց անցկացված մի հետազոտության տվյալներ, ըստ որոնց՝ երիտասարդների 70-80%-ը 10 տարի անց ընդհանրապես չի կարդա թերթեր: Ու նաեւ դիտարկվում է ապաքաղաքականացում:
Այսուհանդերձ՝ մամուլի հարցերով այս համաժողովը տեղ-տեղ քաղաքականացվեց՝ ոչ առանց Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ջանքերի: Վրաստանում Ադրբեջանի դեսպանի խորհրդական Շովգի Մեհթիզադեն երեկ էլ ողջ ընթացքում ներկա էր համաժողովին եւ, ասենք, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին հետեւյալ հարցն ուղղեց. «Արդյոք խոսքի ազատության դրսեւորո՞ւմ է, որ ոչ առանց Հայաստանի աջակցության՝ Ցեղասպանության ճանաչման ժխտման դեմ պատասխանատվություն է սահմանվել մի շարք երկրներում: Եվ սա այն պայմաններում, երբ ոչ պատմաբաններն են միանշանակ եզրակացություն տվել Ցեղասպանության մասին, ոչ արխիվներն են բաց»: Դունյա Միյատովիչը Բորիս Նավասարդյանին խնդրեց պատասխանել՝ առանց քաղաքականացնելու: ԵՄԱ նախագահը խոսքի վերջում ասաց, որ ինքն էլ է դեմ նման օրինագծերին, քանի որ համարում է, թե հանրային քննարկումների համար դրանք խոչընդոտ են, բայց մինչ այդ նկատեց, թե Թբիլիսիի բոլոր համաժողովներում, ինչի մասին էլ դրանք լինեն, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նման նյութեր է հրապարակում. «Մենք այդ սադրանքին չենք տրվի, բայց խնդրում ենք՝ մի արեք դա»:
Եվ վերջում՝ եւս մի մեջբերում Մարկ Թոմփսոնի խոսքից, որն իր զեկույցն ավարտեց Սերգեյ Փարաջանովի մասին հիշատակմամբ՝ նրան անվանելով «բազմամշակութային մարդ», եւ հավելելով. «Սա ապացույց է, որ ձեր երկրները կարող են միասին մի նպատակի ծառայել՝ խոսքի ազատությանը, եւ դա պետք է անեք դուք՝ այստեղ, այլ ոչ Բրյուսելում»: